Ս.թ. փետրվարի 18-19-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը մասնակցել են Թբիլիսում կայացած «Փողը քաղաքականության մեջ» տարածաշրջանային կոնֆերանսին: Վարուժան Հոկտանյանը բանախոսել է «Ինչպե՞ս արդյունավետ կերպով ավելացնել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը և դրանով քաղաքական գործիչներին ավելի հաշվետու դարձնել» թեմայով, իսկ Խաչիկ Հարությունյանը՝ «Ապօրինի ֆինանսավորման ազդեցությունը քաղաքականության վրա և քաղաքականության ստեղծման, բիզնես խավի ու կազմակերպված հանցավորության միջև կապը» թեմայով նիստերի ընթացքում:

Կոնֆերանսի նպատակն էր վեր հանել բարեփոխման կարիք ունեցող քաղաքական ֆինանսավորման իրականացման ոլորտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու Եվրոպայի խորհրդի ընտրությունների դիտարկման առաքելությունների, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ի զեկույցների հիման վրա և բարեփոխումների առաջարկություններ անել, փոխանակել արդյունավետ իրավակիրարկման և քաղաքական ֆինանսավորման դաշտի մոնիտորինգի վերաբերյալ լավ փորձն ու քաղած դասերը, սահմանել գործող օրենսդրության իրականացմանը բարելավելուն ուղղված մոտեցումները, մեխանիզմներն ու ընթացակարգերը և նպաստել քաղաքական ֆինանսավորման վերաբերյալ տարածաշրջանային ցանցի ստեղծմանը:

Կոնֆերանսին ներկա էին քաղաքական պաշտոնյաներ, միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության, հետազոտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում քաղաքական ֆինանսավորման վերահսկման բարելավելուն ուղղված գործնական քայլերը: Քննարկման արդյունքում պարզվել է, որ տարածաշրջանում դեռևս զգալի են որոշակի մարտահրավերներ, որ վերաբերում են վերահսկիչ մարմինների արդյունավետ պլանավորմանը, քաղաքական ֆինանսավորման եկամուտների ու ծախսերի մոնիտորինգին, թափանցիկության ավելացման մեխանիզմներին, վարչական ռեսուրսի օգտագործման մոնիտորինգին և կուսակցությունների ֆինանսավորման ավելի արդյունավետ բացահայտմանը:

Վրաստանի վերահսկիչ պալատի, Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (IDEA), Եվրոպայի խորհրդի, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES)-ի և Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդների ինստիտուտի (NIMD) համագործակցությամբ կազմակերպված «Փողը քաղաքականության մեջ» կոնֆերանսի կիզակետում գործող կանոնների ու միջոցների իրականացման գնահատումն էր կուսակցությունների ֆինանսավորման օրենսդրությունն արդյունավետ գործադրելու նպատակով: