Ս.թ. փետրվարի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության համակարգում հակակոռուպցիոն համաթվի արդյունքների ներկայացում և քննարկում: Հայաստանի պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատումն իրականացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Պաշտպանության և անվտանգության ծրագիրը «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. գլոբալ ուսումնասիրության շրջանակներում: Հետազոտության հայերեն թարգմանությունը կատարվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը պաշտպանության ոլորտում» ծրագրի շրջանակներում: Ներկայացվել են համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերն՝ առանձին ոլորտներով: Հայաստանն ընդգրկվել է D խմբում` պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությամբ:

Ռիսկերի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ֆինանսական, գործողությունների և գնումների ոլորտներում` համապատասխանելով E խմբի չափանիշներին` շատ բարձր կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ:
Ուսումնասիրության հեղինակները դիտարկել և գնահատել են նաև պաշտպանության ոլորտը՝ ըստ թափանցիկության, վստահության և արդյունավետության, առևտրային գործունեության և շահերի բախման: Ըստ արդյունքների՝ ՀՀ ռազմական գնումների մեծամասնության գործընթացները և որոշումները գաղտնի են, և ռազմական բյուջեի մասին միայն շատ ընդհանուր տեղեկատվություն է հրապարակվում:

Բացման խոսքով հանդես են եկել ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ավետիսյանը և բրիգադիր գեներալ (պաշտոնաթող), Թրանսփարենսի Ինթերնեշնլ պաշտպանության և անվտանգության ծրագրի խորհրդական Պատրիկ Նոպենսը:

Սոնա Այվազյանի դիտարկմամբ եթե տարբեր ոլորտներում կա կոռուպցիա, բնականաբար մեկ ոլորտը չի կարող ամբողջությամբ զերծ մնալ կոռուպցիայից: Ոլորտը չպետք է ունենա նաև իմունիտետ տարբեր, տվյալ դեպքում՝ պատերազմի կամ կոնֆլիկտային իրավիճակի պատրվակով: Բոլոր ոլորտներում պետք է տարվի կոռուպցիայի դեմ պայքար: «Մի կողմից պաշտպանության ոլորտն ավելի խոցելի է և փակ տարբեր պատճառաբանություններով, մյուս կողմից՝ քանի որ մարդկանց անվտանգությունն է ապահովում, ոլորտի նկատմամբ վստահությունը շատ կարևոր է»:

Ըստ Կորյուն Նահապետյանի՝ նպատակահարմար կլիներ մինչև ուսումնասիրության վերջնական արդյունքների հրապարակումը համապատասխան կառույցների՝ գերատեսչությունների, հանձնաժողովների հետ իրականացնել նախնական հարցումներ, խորհրդատվություններ հնարավոր անճշտություններից խուսափելու համար:

Ալեքսանդր Ավետիսյանը առարկություններ ուներ կապված ուսումնասիրության մեթոդաբանության հետ: Նրա կարծիքով՝ կան մոտեցումներ, որոնք կարող են վերանայվել: Եթե մեթոդաբանությունն այլ լիներ, արդյունքներն ավելի դրական կլինեին:

Պատրիկ Նոպենսը ներկայացրել է ուսումնասիրության գլոբալ համամատական արդյունքները:

Ուսումնասիրության մեթոդաբանությունը ներկայացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ պաշտպանության և անվտանգության ծրագրի կոնֆլիկտի և լարված իրավիճակների թիմի ծրագրի ղեկավար Ստեֆանի Նիյսսենը, իսկ ուսումնասիրության հայաստանյան արդյունքները՝ ԹԻՀԿ ծրագրի համակարգող Արաքս Մելքոնյանը:

Տես լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում՝ lragir.am, civilnet. am, 1in.am, yerevan.today, aravot.am, forrights.am