Ազատություն ռադիոկայան. Դիտորդական կազմակերպությունները կոչ են անում Ընտրական օրենսգրքում ամրագրել քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, դիտորդների լիազորությունների ընդլայնումը և տեղամասերի շուրջօրյա նկարահանումը: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի՝ քվեարկության արդյունքը, լինի այն էլեկտրոնային թե էլեկտրոնափաստաթղթային, չի կարող արժանահավատ լինել, եթե չկա համադրությունը առկա ընտրողների և քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների միջև:

Ցուցակները գաղտնազերծող դրույթից բացի, մոտ մեկ տասնյակ կազմակերպությունների համատեղ խումբը կոչ է անում նաև տեղամասերից 24-ժամյա ուղիղ հեռարձակում ապահովել։

Իրավապաշտպանները վստահ են, որ ընտրակեղծարարության վիճակագրությունն ավելի առատ կլինի, եթե դիտորդներին նույնպես թույլատրվի գրանցամատյանում արձանագրել հայտնաբերած խախտումները: Դիտորդի լիազորությունները, ըստ Հերիքնազ Տիգրանյանի, սահմանափակ են: Դիտորդը կարող է բողոքարկել միայն այն ընտրախախտումները, որոնք առնչվում են դիտորդի սուբյեկտիվ իրավունքին: Բայց եթե ընթացակարգային կոպիտ խախտումներ են, և դա նկատել է դիտորդը, կամ դիտորդական առաքելությունը հանդես է գալիս խախտման վերաբերյալ հայտարարությամբ, բողոքարկել, որևէ կերպ դրան հետամուտ լինել չի կարող:

Տես Ազատություն ռադիոկայանի նյութը: