Ազատություն ռադիոկայան. Սահմանադրական հանրաքվեն դիտարկած կազմակերպությունները պնդում են՝ 2017-ին օրինական ընտրություններ անցկացնելու՝ Սերժ Սարգսյանի խոստումները հավատ չեն ներշնչում: Նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրվա իր ելույթում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ընդգծել, որ դրանց «օրինականությունը ավելի կարևոր է, քան դրանց արդյունքները»: Մինչդեռ, սահմանադրական հանրաքվեն դիտարկած Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը հիշեցնում է՝ ընդամենը 2 ամիս առաջ ընտրախախտումները կատարվում էին համակարգված, և նպատակն էլ մեկն էր՝ ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները:

«Հավատ ներշնչելու համար պետք է ունենալ որոշակի հիմքեր, բայց որովհետև այս ելույթին արդեն նախորդել է սահմանադրական փոփոխությունների խայտառակ հանրաքվեն և այդ մասին բոլորն են նշում, այլ բան է, որ իսկապես դա ուղեկցվել է խայտառակ ընտրախախտումներով, ապա այդ հայտարարությունները դառնում են սին խոսքեր, դրանց նկատմամբ որևէ հավատ չենք կարող տածել, որովհետև խոսքի և գործի ակնհայտ անհամատեղություն կա: Այսինքն, այն ամենը, ինչ խոսվում էր նախագահի ելույթի մեջ, մենք տեսնում ենք դրա ճիշտ հակառակ արտացոլումը իրական կյանքում», - նշում է Տիգրանյանը:

Ազատ և արդար ընտրությունների կարևորության մասին խոսելուց բացի Սերժ Սարգսյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց՝ ընդգծելով, թե հաջորդ խորհրդարանում որևէ կուսակցության տեղը երաշխավորված չէ:

Փորձագետները Սերժ Սարգսյանի այս խոսքերը դիտարկում են որպես նախապես տրված խոստումներից և պայմանավորվածություններից հրաժարվելու հայտարարություն:

«Երևի մարդկանց, կամ քաղաքական ուժերին, ում ժամանակին հույսեր են ներշնչել կամ խոստումներ տվել, հիմա ուղղակի խոստումներից հրաժարվելու ժամանակն է եկել», - ասում է Հերիքնազ Տիգրանյանը:

Առաջիկա ընտրությունների մասին խոսելիս Սերժ Սարգսյանը մեկ այլ հայտարարություն էլ արեց՝ հորդորելով կուսակցություններին մոռանալ ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն այս հայտարարությամբ օրենք է խախտում:

«Ամեն կուսակցություն ինքն է որոշում՝ երբ սկսել քարոզչությունը, երբ իր մասին տեղեկատվություն տարածել: Դա չպիտի լինի մի ղեկավարվող կենտրոնի կողմից: Օրենքում գրված է բոլորովին այլ բան, նախագահը հորդորում է ցուցաբերել զսպվածություն, այսինքն՝ քաղաքական ինչ-որ սահմանափակումներ»:

Գնահատելով շուրջ 50 րոպեանոց ելույթը՝ փորձագետները պնդում են՝ Սերժ Սարգսյանն իրականում մեկ նպատակ էր հետապնդում:

«Ես գոնե հասկացա այսպես, որ՝ Հանրապետական կուսակցությունը կա, նրա ղեկավարը կա, նա մտադրություն չունի որևէ կերպ թողնել իշխող կուսակցության լծակները: Մեսիջը մեկն էր՝ ես մնում եմ և շարունակում եմ մեր առաքելությունը», - ասում է Հերիքնազ Տիգրանյանը:

Տես Ազատություն ռադիոկայանի նյութն ամբողջությամբ: