Ս.թ. փետրվարի 10-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս «Քաղաքացի-դիտորդ նախաձեռնության ամփոփիչ զեկույցը սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին» թեմայով: Բանախոսներն էին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և նախագահ Լուսինե Հակոբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է «2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը»:

Ըստ Սոնա Այվազյանի՝ դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ հանրաքվեն ուղեկցվել է բազմաթիվ և շատ ավելի կոպիտ խախտումներով, քան նախատեսվում էր, նույնիսկ ի հայտ են եկել մոռացված բռնություններ: Ո՛չ հանրաքվեի գործընթացը, ո՛չ արդյունքները՝ խախտումներով, բռնություններով, լցոնումների մեծ ծավալներով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ որևէ կերպ չեն կարող համարվել կայացած և լեգիտիմ: Դրանք չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) Հանրաքվեների օրինակելի պրակտիկայի կանոնագրքի (անգլ.` Code of Good Practice on Referendums) ոչ մի կետին:

Զեկույցը պատրաստված է նաև Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) կողմից: Այն հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում ընտրությունների հանրային վերահսկությանը և Եվրոպայում ժողովրդավարական ընտրական գործընթացների կայացմանը: Նրան ՀՀ ԱԳՆ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով հնարավորություն չի տրվել ստանալ միջազգային դիտորդի կարգավիճակ, և ստիպված հանդես է եկել Քաղաքացի դիտորդի հետ համատեղ: Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի փորձագետների, մասնավորապես վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ քվեարկության արդյունքներն ամբողջությամբ տարբեր կլինեին, եթե չլինեին լցոնումները, բռնություններն ու այլ խախտումները: Մասնավորապես, գրանցված արդյունքների մասով՝ Երևանում 20%-ով «Այո»-ն ավելի քիչ և «Ոչ»-ը՝ նույնքան ավելի շատ կլիներ, իսկ Հայաստանի տարածքում հավանաբար կլիներ 30-47% «Այո» և 53-70% «Ոչ»: Հաշվարկը կատարելիս հիմք է ընդունվել ԿԸՀ-ի հրապարակված տվյալները, որոշ դեպքերում համադրվել են դիտորդներից ստացված տվյալների հետ: Դիտարկումը կատարվել է 3 մոդելի շրջանակում, ինչը փորձարկվել է տարբեր վիճակագրական մոտեցումներով: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը հավաստել է բոլոր այն խախտումները, որ Քաղաքացի դիտորդը նկատել է:

Քաղաքացի դիտորդը ամփոփել է մինչ քվեարկության օրը վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված դիտարկումները, քվեարկության օրվա խախտումները, այդ թվում վերահաշվարկի հետ կապված խնդիրները, բողոքարկման ընթացքն ու արդյունքները, համեմատվել են արդյունքների արձանագրությունների տվյալները պաշտոնապես հրապարակված տվյալների հետ, բացահայտվել են բազմաթիվ կեղծիքներ, որ պետք է համապատասխան մարմինների կողմից արժանանան ուշադրության: Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի վերլուծությունները ներառվել են որպես հավելվածներ: Առաջարկությունները հնարավորինս ամփոփ են ներկայացված: Նշված են այն ուղղություններն ու խնդիրները, որոնց պետք է լուծում տրվի նոր օրենսդրությամբ: Դրանք վերաբերում են մասնավորապես ցուցակների հրապարակմանը, դիտորդության, բողոքարկման արդյունավետության բարձրացմանը, հանձնաժողովների կազմման կարգին, վարչական ռեսուրսի չարաշահման բացառման հնարավորություններին և տեսանկարահանման հնարավորությանը Հայաստանի ողջ տարածքով մեկ բոլոր ընտրատեղամասերում, որպեսզի ցանկացած քաղաքացի կարողանա կենդանի ռեժիմով վերահսկել ընտրական գործընթացը:

Խախտված իրավունքների բողոքարկման, դրանց վերականգնման հետ կապված դիտարկումներով հանդես է եկել Տիգրան Եգորյանը: Հանրաքվեի ընթացքում արձանագրված և դրա վերաբերյալ համապատասխան մարմիններին դիմումներով, բողոքներով, հաղորդումներով ներկայացված ոչ մի դեպք լիարժեք և արդյունավետ քննության չի ենթարկվել: Ոչ մի դեպքով վարչական կամ քրեական բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվել: Բոլոր միջոցներով պետական մարմինները փորձել են ձևական պատճառաբանություններով սպառել այդ բողոքները՝ մերժել, առանց քննության թողնել առանց բովանդակային քննության ենթարկելու:

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ դիտորդական առաքելությունների զեկույցների վերաբերյալ խախտումների բազմազանության պարագայում իշխանության մարմինների կողմից համապատասխան ջանք չի նկատվել, արձանագրված կամ ահազանգված խախտումները շտկելու կամ կանխելու ուղղությամբ: Անգործության դիրքորոշմամբ դրսևորում են պաշտպանողական պահվածք՝ հարցը տեղափոխելով ֆորմալիզացման դաշտ: Փորձ է արվում կազմակերպված հանցագործության խայտառակ պատկերը կեղծել՝ սքողել կամ թաքցնել: Ուստի, քվեարկության արդյունքները որպես հավաստի չեն կարող համարվել:

Ըստ Լուսինե Հակոբյանի՝ «2013 թ. (նախագահական ընտրություններին) փետրվարին մեր կազմակերպությունն ուներ ընդամենը 26 դիտորդ և մենք կարողացել էինք ծածկել ընդամենը Արարատի մարզի 14 տեղամաս: Նույն թվականի մայիսին արդեն 230 դիտորդներ ունեինք, իսկ անցած հանրաքվեին մենք իրակացրել ենք ամենամեծ դիտորդական առաքելությունը, և մեր դիտորդների մեծ մասը ունեն շատ մեծ պատրաստվածություն և կարողանում են պատշաճ ձևով ապացույցներ ներկայացնել խախտումների մասին», - նշեց նա՝ հավելելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների արձանագրած փաստերի շնորհիվ ձևավորվեց «հանրաքվեի արդյունքների վերաբերյալ միջազգային արձագանքը»: Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում արտահայտվել են ID քարտերով քվերարկության, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների մանիպուլյացիների հետ կապված մտահոգությունները:

Սոնա Այվազյանն ուշադրություն է հրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի, հատկապես քարոզչության և քարոզչության լուսաբանման անհավասար հնարավորության դիտարկման և լրատվամիջոցների սեփականատերերի վերաբերյալ առաջարկության վրա. «Միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի ապահովվի լրատվամիջոցների սեփականության լիարժեք թափանցիկությունը… Լրատվամիջոցների սեփականության և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը»:

Առաջարկություն կա էլեկտրոնային կամ էլեկտրոնափաստաթղթային քվեարկության վերաբերյալ: Խնդիրը տեխնոլոգիայի մեջ չի էլեկտրոնային, թե էլեկտրոնաթղթային քվեարկության կապակցությամբ: Խնդիրը կեղծման տեխնոլոգիայի մեջ է: Դրանք ոչ մի կերպ չեն լուծում բացակա անձանց չարաշահումների խնդիրները: Մինչև ցուցակները չհրապարակվեն, չենք կարող վստահ լինել, որ դրանք չեն օգտագործվելու:

Տես Մեդիա կենտրոնի մամուլի հաղորդագրությունը: