Ս.թ. հունիսի 22-ից 29-ը ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը մասնակցել է Թաֆտս համալսարանի Ֆլեչեր ինստիտուտի ոչ բռնի հակամարտությունների ուսումնասիրման հատուկ հետազոտությունների ամառային դասընթացին: Դասընթացը կազմակերպվել էր Ֆլեչերի Իրավունքի և դիվանագիտության ֆակուլտետի և Վաշինգտոնում տեղակայված Ոչ բռնի հակամարտության միջազգային կենտրոնի կողմից: Դասընթացների ծրագրում արծարծվում էին համաշխարհային հնչեղություն ունեցող հրատապ խնդիրներ, ինչպիսիք են` ինչո՞ւ որոշակի քաղաքացիական ուժերի կողմից առաջնորդվող որոշ շարժումներ հաջողությամբ են պսակվում, մինչդեռ մյուսները տապալվում են, որո՞նք են քաղաքացիական ոչ բռնի դիմադրության ամենակարևոր ռազմավարական նկատառումները, ի՞նչ դերակատարություն են լրատվամիջոցներն ու հաղորդակցության միջոցները ունեցել այդ պայքարում, որո՞նք են դրսի ուժերի դերը տեղական շարժումներում: Ուսումնասիրության են արժանացել քաղաքացիական պայքարի պատմական և ժամանակակից դեպքեր, ներառյալ որոշակի խնդիրների վրա հիմնված, ինչպես նաև օտարերկրյա նվաճողների և բռնապետական կառավարությունների դեմ ուղղված ժողովրդական շարժումները:

Ֆլեչեր ինստիտուտի ոչ բռնի հակամարտությունների ուսումնասիրմանը նվիրված ամառային դասընթացը տարբեր առարկաներ ընդգրկող հատուկ հետազոտությունների միակ դասընթացն է, ուր դասավանդում են առաջատար գիտնականներ, ոչ բռնի ռազմավարական գործողություններ իրականացրած փորձառու պրոֆեսիոնալներ և դրան առնչվող ոլորտների հեղինակություններ: Ծրագրին մասնակցում էին բազմաթիվ ` Չինաստանից մինչև Վենեսուելա ընդգրկող երկրներից ժամանած տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ, միջազգային ինստիտուտների, գիտահետազոտական կառույցների աշխատակիցներ, գիտնականներ, շահագրգիռ վերլուծաբաններ և խորհրդատուներ: