Պետությունն իր կարիքների համար գնումներ իրականացնելիս մրցույթներ է հայտարարում: Պետական գնումներում պայմանագրերը պետք է կնքվեն առավելապես մրցակցային ընթացակարգերով՝ լինելով հրապարակային, արդար, թափանցիկ և մասնակիցների համար հավասար հնարավորություններ ու վերաբերմունք ապահովող: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Դիտակետում» հաղորդումն անդրադարձել է ոչ մրցակցային ընթացակարգով կատարվող կամ այլ բառով ասված՝ մեկ անձից գնումներին:

Մուտք գործելով www.e-gov.am կայք, և այնտեղից ընտրելով մեկ անձից կատարվող գնումներ բաժինը, հնարավոր է տեսնել, թե պետական որ մարմինը մեկ անձից ինչպիսի գնում է կատարել և ուսումնասիրել կնքված պայմանագիրը: Սակայն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) վերջին ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում փաստում են, որ ֆիլտրման ժամանակ, երբ ցանկություն կա ուսումնասիրելու պետական կանկրետ մարմնի մեկ անձից գնումները, տվյալներն արհեստկանորեն ցույց են տալիս ավելի քիչ պայմանագրեր, քան իրականում կա տեղեկատվական բազայում:

Ըստ ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանի՝ ԵՄ արդարադատության դատարանը ասում է, որ պատվիրատուն ինքը պետք է հիմնավորի, որ այլ ընթացակարգ, քան մեկ անձը հնարավոր չէ տվյալ դեպքում կիրառել: Մեկ անձը, լինելով ոչ մրցակցային ձև, կոռուպցիոն ռիսկերի մեծացման հնարավորություն է ընձեռում: Այդպես է ողջ աշխարհում: Հայաստնում ավելանում է ևս մեկ հանգամանք՝ մեր շուկայի մենաշնորհայնացման համեմատաբար ավելի բարձր աստիճանը:

Հայաստանում մեկ անձից կատարվող գնման իրավական հիմքերը գրեթե ամբողջությամբ համադրելի են լավագույն փորձի հետ: Սակայն, թե՛ տեղական և թե՛միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները վկայում են, որ այդ առումով օրենսդրության կիրառումը շարունակում է մնալ անբավարար: Պրակտիկայում մեկ անձից գնումը նախապատվելի ընթացակարգ է մեր իրականությունում, մինչդեռ այն պետք է իրականացվեր միայն բացառիկ դեպքերում:

Արտակ Մանուկյան. «Մենք ունենք Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից «Պետական գնումների մասին» համաձայնագիր, որի լիիրավ անդամն է Հայաստանի Հանրապետությունը, ինչը նշանակում է, որ մեր օրենսդրությունը համապատասխանել է այդ չափանիշներին: Բայցևայնպես, Հայաստանն ավելի հապճեպ կարգով է փորձել անդամակցել ԱՀԿ-ին: Ինչո՞ւ հապճեպ, որովհետև մենք չունեինք այն ինստիտուտները, որ բերեն օրենքի կատարելություն: Օրենքը գործադրում ենք առանց համապատասխան ինստիտուտների: Դրանից ածանցվող խնդիրը՝ ինչպես է օրենսդությունը կիրառվում, ևս ոչ պատշաճ ձևով է կանոնակարգվում:

ԹԻՀԿ-ի Պետական գնումների 2014-2015թթ. մոնիտորինգային հաշվետվության համաձայն` պատվիրատուները գնման մրցակցային ձևերի ընտրության փոխարեն հիմնականում ընտրում են ոչ մրցակցային գնումները: 2011-2015 թթ. կայացած մրցույթների շուրջ 65%-ը իրականացվել են մեկ անձից գնման ձևով, ինչը հեռու է միջազգային ընդունելի նորմերից:

Փորձագետ Արտակ Մանուկյանը բարձրաձայնում է այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծումներ չեն ստացել:

  • Պետական գնումների համակարգը միջոց է, որով երկիրը խթանում է տնտեսությունը, բիզնես հատվածը: Օրենսդրությունով ունենք 2 ձև՝ մեկը նվազագույն գինն է, մյուսը՝ առավել շահավետ տնտեսական առաջարկը: Մինչդեռ մենք 100% դեպքերում կիրառում ենք նվազագույն գինը:
  • Պետական գնումների համակարգը մի մեխանիզմ է, որով խթանվում է նորարարությունը: ՀԲ-ի, ԱԶԲ-ի, դոնորների ընթացակարգերում կա որակի վրա հիմնված ընտրություն: Սակայն, մեզ մոտ ընտրությունը հիմնականում գնի վրա է հիմնված:
  • Մեր օրենսդրությունը հավասարակշված չի և դրանից է ավելանում նաև գնումների համակարգում կենտրոնացվածությունը: Օրինակ, հիմա 168 ընկերություն մեծ հաշվով վերահսկում են գնումների ողջ շուկան:
  • Գնումների մասին օրենսդրություն Հոդված 37-ի 2-րդ մասը նշում է, որ պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, երբ պայմանագրի գինը փոփոխվում է պայմանագրով նախատեսված պայմանների (գործոնների) փոփոխության ազդեցությամբ: Դիտարկումները վկայում են, որ նշված դրույթը ձևական բնույթ է կրում, քանի որ մինչ օրս գործոնային պայմանագիր չի կնքվել:
  • Ոլորտում արձանագրված բացասական միտումներից մեկն այն է, որ տարեմուտի վերջին 3 ամիսներին կտրուկ ավելանում է մեկ անձից կատարվող գնումների թիվը: Երբ պետական մարմիններն ունեն տնտեսումներ և այդ գումարը չեն օգտագործում, այն պետք է հետ վերադառնա պետբույջե: Վերջին եռամսյակին պետական մարմինները տնտեսումներից ելնելով՝ մեկ անձից գնումներ են կատարում, ինչը նշանակում է, որ պետական բյուջեի միջոցների նկատմամբ անարդյունավետ վարքագիծ են դրսևորում:
  • Առանց հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգը Հայաստանում իրականացվում է բարձր կոռուպցիոն ռիսկերով: Մասնավորապես, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով հաղթող ճանաչվածներից շատերի սեփականատերերն ունեն շահերի բախում: Օրինակ՝ տարիներ շարունակ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը միլոն արժեցող պայմանագրեր է կնքում իր ու կնոջ հիմնադրած «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի հետ՝ հենց այդ ընկերությանը վերապահելով ԴԱՀԿ ապահովող ծառայության ավտոմեքեմանաների և տեխնիկական սպասարկման վերանորոգման ծառայությունների մատուցման պարտավորությունը:
  • Մեկ անձից գնումների խնդիրը ավելի սուր է համայնքային գնումների պարագայում՝ պայմանավորված ինչպես կարողությունների, այնպես էլ վերահսկողության պակասով, ինչը մեծացնում է կոռուպցիոն գայթակղությունները: Այստեղ ևս իրական, ոչ թե իմիտացիոն բնույթի անելիք կա:

Ըստ զեկույցի՝ 2014թ. 178 մլրդ մեկ անձի հիմքով ձեռքբերումների շուրջ 152 մլրդ-ը (85%) պայմանավորված է որոշակի օբյեկտիվ առանձնահատկություններով: Քանակային առումով ևս տվյալ բնույթի ձեռքբերումները գերակշիռ դերակատարում ունեն. այդպիսիք են 11364 ընթացակարգերից 7890-ը (69%): Նման ձեռքբերումների առյուծի բաժինը հանդիսանում են կրթական և առողջապահական ծառայությունները: Ոչ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ձեռքբերումները կազմել են 3474 հատ պայմանագիր, շուրջ 26 մլրդ պայմանագրային արժեքով:

Արդեն պաշտոնապես հունվարից ԵԱՏՄ անդամ երկրներին տրված է 15% գնային նախապատվություն մինչև 70 միլիոն դրամ գնումների նկատմամբ, ինչը հավելյալ կոռուպցիոն ռիսկերի տեղիք է տալիս և օրենսդրության առումով հետընթաց է:

2011 թ. ԹԻՀԿ-ը օրենսդրական փոփոխության առաջարկ էր ներկայացրել, համաձայն որի ապրանքները, օրինակ բենզինը պետք է գնել ապրանքահումքային բորսաներից: Այդ եղանակով մեկ անձից գնում կատարելը կմեծացնի բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը: Այդ առաջարկը ընդունել են, բայց մինչև օրս կառավարությունը չի սահմանել դրա առանձնահատկությունը:

ԹԻՀԿ զեկույցում ընտրանքային կարգով իրականացվել է նույնատիպ ապրանքների, օրինակ` համակարգչային տեխնիկայի, մեկ անձից ձեռքբերումներով կնքված պայմանագրերի գնային ուսումնասիրություն, ինչը վկայում է, որ պետական գնումներով մեկ անձից գնումները շուկայականից բարձր են շուրջ 30%-ով։ Ավելին, միջազգայնորեն ընդունված նորմերի համաձայն՝ մեկ անձից կատարված գնումները չպետք է գերազանցեն 10%-ը քանակային առումով և 5%-ը գումարային առումով: Առկա պրակտիկան ցույց է տալիս, որ այս սահմանաչափերը գերազանցվում են 5 և ավելի անգամ: Օրենքի համաձայնությունը միջազգայնորեն ընդունված լավագույն փորձին դեռևս երաշխիք չէ, որ այն կգործի այնպես, ինչպես սահմանված է և կլինի համապատասխան պատժելիություն: Այս ոլորտում ևս միայն քաղաքական կամքը կարող է վճռորոշ փոփոխություններ բերել: