Ս.թ. հունվարի 14-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության վաճառքից հետո համակարգը 2,5 մլրդ. դրամի օգուտով է աշխատում։ Որքանո՞վ է հնարավոր, որ այսքան կարճ ժամանակում ՀԷՑ-ը ոտքի կանգներ, և արդյոք նախարարի նշած «օգուտները» սակագնի թանկացման փոխհատուցումների հետևանք են, ինչո՞ւ տեսանելի ապագայում չեն կարող իջեցնել հոսանքի սակագինը։ Այս հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է տնտեսագետ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանի հետ: Ըստ Մանուկյանի՝ ՀԷՑ-ի կայքում ֆինանսական հաշվետվություններն ավարտվում են 2014-ով, և չկա ոչ մի թափանցիկ տեղեկատվություն, որ համակարգն իրոք 2,5 մլրդ. դրամի օգուտով է աշխատել, և մյուս կոմպոնենտը՝ տեխնիկական կորուստները հասել են ընդհուպ 11 տոկոսի։

Ի՞նչն էր խանգարում, որ տեխնիկական կորուստների նույն 11 տոկոսը լիներ նախկինում։ Չէ՞ որ գծերի, հոսանքալարերի որևէ փոփոխություն չի եղել։ Ներդրումներ այս իմաստով չեն եղել։ Դա այն «սև արկղն» էր, որի շուրջ կառավարությունն ու ՀԷՑ-ի նախկին ղեկավարությունն իրար հետ համագործակցում էին։ Սակագինը բարձրանալու է 2015-2016 սակագնային տարվա համար, այսինքն՝ այս շահույթի մի մասը պայմանավորված է նրանով, որ սակագինը բարձրացել է, ու այդ գնի մեջ ՀԷՑ-ի կրած նախկին վնասները, որոնք մոտ 24 մլրդ. դրամի էին, շուրջ 7 ամիս է փոխհատուցում ենք։ ՀԷՑ-ի արտադրողներից ձեռքբերման ինքնարժեքը նվազել է, այսինքն՝ ՀԷՑ-ի նախկին սեփականատիրոջ օրոք միջին կշռված սակագինը 22 դրամ էր, հիմա դա 20 դրամ է։ Դա եղել այն բանի շնորհիվ, որ ատոմակայանը 15 տոկոսով ավելի շատ է արտադրել, ՀԷԿ-երը 11 տոկոսով են շատ արտադրել, իսկ ՋԷԿ-երի արտադրանքը, ամենաթանկ հոսանքն են արտադրում, նվազել է 15 տոկոսով։ Այսինքն՝ ձեռքբերման ինքնարժեքը նվազել է, ու, հետևաբար, մեծացել է հասույթի մակարդակը, որը որ մնում էր ՀԷՑ-ին։

Ըստ Արտակ Մանուկյանի` ՀԷՑ-ը եթե ուզի, հենց հիմա էլ կարող է էժանացնել հոսանքը։ Այս ամենը որպես հիմք ընդունելով, փորձագիտական մակարդակով, նախնական խոշորացված թվերով կարելի է եզրակացնել, որ փետրվարի մեկին հոսանքի սակագինն առնվազն 4 դրամով պետք է իջնի։ Մենք նախկինում էլ էինք պահանջում, որ բոլոր գործոնների հնարավոր ազդեցությունը սակագնի վրա թափանցիկորեն ներկայացվի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իբրև թե «Դելոյթ և Տուշ» (Deloitte & Touch) խորհրդատվական ընկերությանը հրավիրեց, հարկատուների հաշվին սեփական վստահությունը բարձրացնելու շղարշ ստեղծեց, բայց այս խնդիրը բաց մնաց։ Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունենում, որ հիմա ատոմակայանը 10 տոկոսով ավելացնում է իր արտադրանքը, ո՞նց է անդրադառնում դա, կամ գազի սակագնի նվազեցումն ինքնարժեքի վրա. այս բոլորը չկա։

Տես «Հրապարակի» հարցազրույցը: