Ս. թ. հունվարի 27-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Մեդիա» կենտրոնում ներկայացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) 2015 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արդյունքները: Հայաստանի ԿԸՀ 2015թ. արժեքը հավասար է 35-ի (2014թ. այն հավասար էր 37-ի) 0-ից 100 սանդղակում, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը՝ որպես բացարձակապես մաքուր: Այժմ Հայաստանը Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ միասին կիսում է 95-ից 98-րդ տեղերը, որը համարյա նույնն է, ինչ 2014թ, երբ այն կիսում էր 94-ից 99-րդ տեղերը: Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 2014թ. 175-ի փոխարեն 2015թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակում ընդգրկված է 168 երկիր և տարածք: Հայաստանի համաթիվը, կարելի է ասել, չի փոխվել, քանի որ երկու միավորը տեղավորվում է վիճակագրական թույլատրելի սխալի սահմաններում: Ըստ Հոկտանյանի՝ Հայաստանի մասով հաշվարկը 6 աղբյուրների տվյալների հիման վրա էր կատարվում: Սակայն այս տարի 5 աղբյուր է օգտագործվել: Այս տարի դուրս է եկել Համաշխարհային բանկը, որի տվյալները միշտ եղել են բարեհաճ Հայաստանի համար:

Նախորդ տարիների նման, Էստոնիան շարունակում է մնալ նախկին կոմունիստական երկրների առաջատարը իր ԿԸՀ 70 արժեքով (2014թ. այն հավասար էր 69-ի): ԿԸՀ դասակարգման 2015թ. աղյուսակում Չիլիի, Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրություների հետ միասին Էստոնիան կիսում է 23-ից 26-րդ տեղերը: Հայաստանը շարունակում է զիջել Արևելյան և Հարավային Եվրոպայի համարյա բոլոր երկրներին, բացառությամբ Կոսովոյի, իսկ նախկին խորհրդային հանրապետություններից զիջում է բալթյան հանրապետություններին և իր հարևաններ Վրաստանին, որի 2015թ. ԿԸՀ արժեքը (52) մնացել անփոփոխ: Իր հարևաններից Հայաստանը շարունակում է զիջել նաև Թուրքիային (42), որը 2015թ. գրանցել է էական նահանջ՝ 2014թ. համեմատ (45 միավոր): Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի, 2015թ. ԿԸՀ համաթվերը 2014թ. համեմատ մնացել են անփոփոխ (համապատասխանաբար՝ 29 և 27 միավոր)՝ նախորդ տարիների նման զիջելով Հայաստանին: Հայաստանին շարունակում են զիջել նաև Եվրասիական միության անդամ մյուս երկրները: Բելառուսն իր ԿԸՀ 32 միավորով (նախորդ տարի՝ 31 միավոր) ԿԸՀ 2015թ. դասակարգման աղյուսակում կիսում է 107-111-րդ տեղերը, Ռուսաստանը 29 միավորով՝ 119-122-րդ տեղերը (նախորդ տարի՝ 27), իսկ Ղազախստանն ու Ղրղզստաննը 28 միավորով կիսում են 123-129-րդ տեղերը:

Մանրամասների համար այցելեք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ինտերնետային էջը կամ Թրանսփարենսի Ինթերնեշնլի կայքը անգլերեն: