Ս.թ. հունվարի 25-ին տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) աշխատակիցները: Միջոցառման շրջանակներում քննարկվել են հանրային ոլորտում բարեվարքության խթանման միջազգային լավագույն փորձն ու դրա կիրառման հնարավորությունները Հայաստանում, ինչպես նաև ներկայացվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ռազմավարության նախագծի կարևորագույն դրույթները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը կարծիք է հայտնել, որ մեկ-երկու պաշտոնյային պատժելով խնդիրը չի լուծվում: Իսկ ունեցվածքի մասին պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերն իրականության հետ ոչ մի կապ չունեն:«Թղթով, իհարկե, ամեն ինչ նորմալ է, և մարդիկ, ովքեր հավակնում են պետական պաշտոնի կամ երկար տարիներ զբաղեցնում են պետական պաշտոն, շատ լավ գիտեն օրենքի սողանցքները և օգտագործում են դրանք՝ իրենց գործունեությանը հնարավոր լուծումներ տալու համար։ Եթե ընդհանուր քաղաքական իշխանության մեջ չկա այդ կոռուպցիայի դեմ պայքարելու կամքը, որևէ մեկը չի կարող այդ գործում հաջողել»,- շեշտել է Տիգրանյանը։

Տես «Ազատություն» ռադիոկայանի նյութը: