Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է նոր նշանակումներ ստացած դատավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում: Փորձագետների համոզմամբ՝ հայտարարագրերում նշված որոշ փաստեր կասկածի տակ են դնում այդ եկամուտների թափանցիկությունը, նկատելի է նաև հազարավոր դոլարների հասնող նվիրատվություններ ստանալու միտումը: Այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: Ըստ Հոկտանյանի՝ հայտարարագրերը չեն տալիս որտեղի՞ց դատավորներին այդքան գումար հարցի պատասխանը: Հարցի պատասխանը պետք է փորձել ստանալ, երբ ոչ միայն մի քանի լրագրող ու ՀԿ, այլ ողջ հանրությունը հարցնի ո՞վ է տվել, ինչո՞ւ է տվել, ե՞րբ է տվել և ինչի՞ համար է տվել և պահանջի պատասխանները:

Հիշեցնելով, որ, ըստ վերջին զեկույցների, Հայաստանում արդարադատության համակարգը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը՝ Վարուժան Հոկտանյանը փաստում է, որ հանրության վստահությունը ոլորտի հանդեպ չի ավելանա, քանի դեռ իշխանությունները հայտարարություններից հստակ գործի չեն անցել․ - «Խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ իրավապահ մարմինները սկսեն իրենք կարդալ այդ հայտարարագրերը՝ ասենք, ոստիկանությունը, մանավանդ Հատուկ քննչական ծառայությունը: Եթե դա իրենց համար դառնա ընթերցանության նյութ, այդ ժամանակ երևի սայլը տեղից կշարժվի»։

Տես «Ազատություն» ռադիոկայանի նյութը: