Հայտարարագիր չներկայացնող պաշտոնյաներին քրեական պատի՞ժ է սպառնալու
Ս.թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ընթացքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը: Դրանցում առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել նախազգուշացում, ապա տուգանք: Տուգանքները կիրառող մարմինը լինելու է Բարձրաաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ նիստի ժամանակ ինքը Արդարադատության նախարարից հետաքրրքրվել է՝ իսկ ի՞նչ են անելու, եթե տուգանվելուց հետո էլ պաշտոնատար անձը չներկայացնի հայտարարագիրը: «Արդարադատության նախարարն ասել է, որ նոր «Քրեական օրնեսգրքով» կկարգավորվի:
Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ կածես թե Արդարադատության նախարարությունում ուզում են քրեական պատիժ սահմանել: Այսինքն՝ եթե հայտարարագիրը «Վարչական իրավախախտումների» մասին օրենսգրքով համարվի չներկայացված, դրանից հետո կդրվի քրեական»,- ասել է Վարուժան Հոկտանյանը, ով կարծում է, որ հայտարարագրերը որպես կանոն ներկայացնում են:
Հարցին՝ որքանո՞վ է արդյունավետ նոր մեխանիզմը, Վարուժան Հոկտանյանը պատասխանել է.«Խնդիրը արդյունավետ լինել կամ չլինելու մեջ չի, խնդիրը հավաստի լինելու մեջ է: Այսինքն՝ ներկայացնում են, տեսնում են բավականին տարօրինակ եկամուտներ, գույք, ինչքանո՞վ հնարավոր կլինի հավաստել եկամուտների աղբյուրը, որովհետև ներկայացնել-չներկայացնելն ավելի շատ կախված է դրանից: Եթե թաքցնելու ինչ-որ բան կա, չեն ներկայացնում: Դրա համար, եթե մաքուր հայտարարագիր է, իրենք կներկայացնեն: Ես ավելի շատ դա եմ տեսնում խնդիրը, որ հիմնականում բավականին մեծ, տարօրինակ եկամուտներ են, բայց որևէ ձևով չի հաստավում՝ որտեղից այդ եկամուտները, դրանց աղբյուրը»: Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարության նախաձեռնությունը պետք է օգնի, որ հայտարարագրերը ներկայացնեն: «Խնդիրն այն է, թե ինչքանով հնարավոր կլինի ստուգել այդ տեղեկությունների հավաստիությունը»:
Տես «Հայկական ժամանակի» հոդվածը: