Ս.թ. դեկտեմբերի 28-ին կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փորձագետ Խաչիկ Հարությունյանը: Խաչիկ Հարությունյանը հանդես է եկել «Մասնավոր հատվածը և կոռուպցիայի դեմ պայքարը» զեկույցով, որն ի գիտություն է ընդունվել նիստի ընթացքում: Զեկույցում նա ներկայացրել է իրավիճակը Հայաստանում ըստ միջազգային ուսումնասիրությունների և հետազոտությունների, արձանագրված խնդիրներն ու դրական միտումները, ինչպես նաև կոնցեպտուալ մակարդակում որոշակի կարծիքներ և՛ բիզնես-պետություն առաջին մակարդակում, որտեղ նախաձեռնող կողմ հանդես է գալիս բիզնեսն ինքը, և բիզնես-պետություն երկրորդ մակարդակում, որտեղ դասական առումով պետությունն է ի կատար ածում իր իսկ պարտավորությունները խնդրի շուրջ:

Խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել առաջին նիստի հանձնարարականների կատարման արդյունքները: Կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության է արժանացել «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը, որը կստորագրվի և կյանքի կկոչվի: Քայլեր են իրականացվում նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) միանալու գործընթացների, բիզնես հանրության հետ համագործակցության հարթակ ստեղծելու և այլ ուղղություններով:

Ի թիվս այլ հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կրթության ոլորտում 2015 թ. ընթացքում իրականացված և 2015-2016 թթ. նախատեսված միջոցառումները: Հանրակրթության ոլորտում ընթացիկ տարվա ժամանակահատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԹԻՀԿ ՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում 2015 թ. հոկտեմբերից սկսվել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության ոլորտում» մեկամյա ծրագիրը, որի նպատակն է միջնակարգ կրթության ոլորտում ուսումնասիրել, վերհանել և գնահատել հանրակրթական դպրոցների դասավանդման որակի, ներառական կրթության և դասագրքերի մշակման ու տպագրման բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերը:

Տես նիստի վերաբերյալ հաղորդագրությունը ՀՀ կառավարության կայք էջում: