ՀՀ կառավարությունը 2016 թ. նախատեսում է ՀՆԱ - արտաքին պարտք հարաբերակցությունը հասցնել մոտ 50 տոկոսի, ինչը մասնագետները ռիսկային շեմ են համարում: Խնդրի շուրջ Lragir.am-ը զրուցել է տնտեսագետ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանի հետ: Նա անդրադարձել է պարտքի ավելացման պատճառներին, վարկերի ծախսի անարդյունավետությանը: Արտակ Մանուկյանի կարծիքով՝ արդյունավետ կլինի, եթե այդ վարկերը որոշակիորեն փոխեն մեր տնտեսական մոդելը:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ որպես գիտելիքահենք տնտեսության հավակնող երկիր, Հայաստանը շատ ավելի արագ տեմպերով պետք է աճի, քան աշխարհի միջինը: Մինչդեռ՝ հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրված 2.2 տոկոս տնտեսական աճը քիչ է, քանի որ 2016-ին ամբողջ աշխարհի տնտեսական աճի միջինը կանխատեսվում է 3.5 տոկոսի շրջանակներում: Հայաստանը այլ հավասար պայմաններում ավելի քիչ մրցունակ է, կարելի է ասել՝ գրեթե չի զարգանում, երբ աշխարհը զարգանում է: Սա պարտքի ավելացման մեկ պատճառ:

Երկրորդ, վարկային բեռի ավելացումն այն բանի հետևանք է, որ վիճակագրական բազան ուռճացված է ու իրականության հետ ընդհանրապես որևէ կապ չունի: Բյուջեի եկամտային մասի ապահովման մասով խնդիրներ կան. որպեսզի սեկվեստրի խոսակցություններ չլինեն ընդհանրապես, այդ խնդիրները տեղափոխվել են 2016 թ.: Որպեսզի 2016-ին էլի դա չզգացվի, ամենահեշտ լուծումը վարկեր վերցնելն է: Վարկերն ուղղակիորեն մեկի գրպանից մյուսի գրպանն են հոսում՝ հասարակության ուսերին ծանրացնելով վարկային բեռը:

Նույն տնտեսական փտած մոդելով փորձում են էլի վարկեր ներգրավել՝ իբր տնտեսական աճ ապահովելու համար, բայց նույնիսկ այդ վարկերի պայմաններում տնտեսական աճը հեռու է այն երկրների ցուցանիշից, որոնց հետ համեմատվում ենք: Եվ մի կարևոր գործոն էլ կա՝ այդ երկրներն այդ ծավալի վարկեր չեն վերցնում:

Տես Lragir.am-ի նյութը: