Ս.թ. դեկտեմբերի 25-ին «Ասպարեզ» հանրային ռադիոյի հյուրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էր: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին, միջազգային դիտորդների գնահատականին և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության աշխատանքին: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ հանրաքվեի գործընթացը հեռու էր ժողովրդավարական երկրին բնորոշ գործընթաց լինելուց, քվեարկության ժամանակ քվեարկողի ազատ կամքի արտահայտումը չի դրսևորվել: Այն ընտրակեղծիքները՝ քվեատուփի լցոնումները, ճնշումները, ահաբեկումները, սպառնալիքները, բացակաների փոխարեն քվեարկությունը, բազմակի քվեարկությունը և այլ դեպքերը բնականաբար ունակ էին ազդելու քվեարկության արդյունքների վրա:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շատ դիտորդներ կարողացել են պահել տվյալ տեղամասում քվեարկության կարգի օրինականությունը և իրենց ներկայությամբ կանխել ընտրախախտումները: Ակնհայտ է տարբերությունը այն տեղամասերի որտեղ եղել են դիտորդներ և այն տեղամասերի, որտեղ չեն եղել հանրային ներկայացուցիչներ: Թաղային հեղինակությունները կամ մանկլավիկները պատրաստ էին բոլոր տեղամասերում իրենց ծառայությունները մատուցել և սպասարկել ինչ-որ մեկի շահերը, որի դիմաց մեկ-երկու ամիս իրենց բարի աչքով նայելու մանր-մունր խոստումներ էին ստացել: