Ազատություն ռադիոկայան. ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականներին պատկանող բիզնեսների մասին մամուլը բազմիցս է գրել: Անգամ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպիցոն կենտրոնը 2 տարի առաջ դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ՝ փորձելով պարզել, արդյոք Գագիկ Խաչատրյանը շահերի բախման մեջ չի գտնվում՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ ընկերություններում ներգրավված են նրա որդիներն ու բարեկամները: Սակայն հանձնաժողովը որոշել էր, որ Խաչատրյանը որևէ գործողություն չի արել, որը կբերեր շահերի բախման: Թեև օրենսդրության տեսանկյունից հանձնաժողովը որևէ խնդիր չէր նկատել, սակայն Խաչատրյանի ազգականներին պատկանող ընկերությունները շարունակում են Ֆինանսների նախարարությունից պատվերներ ստանալ, այն էլ՝ առանց բաց մրցույթների: Օրինակ՝ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն պատկանող ընկերությունը միայն վերջին 5 տարում մոտ 10 միլիոն դոլարի պատվեր է ստացել հենց Գագիկ Խաչատրյանի ղեկավարած պետական կառույցներից:

Հայկ Խաչատրյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է․ ազգակցական կապը հաստատել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, երբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը երկու տարի առաջ դիմել էր պարզելու՝ արդյոք Գագիկ Խաչատրյանը և նրա որդիներին ու հարազատներին պատկանող ընկերությունները չեն գտնվում շահերի բախման իրավիճակում, այսինքն՝ արդյոք Խաչատրյանը չի օգտագործում իր դիրքը այդ ընկերությունների վիճակը բարելավելու համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ հանձնաժողովը տվել է եզրակացություն, ըստ որի՝ ամեն ինչ օրենքի շրջանակում է, Խաչատրյանի ու նրա որդիների ընկերությունների միջև շահերի բախում չկա, իսկ մյուս ազգականների դեպքում բախում ընդհանրապես չի կարող լինել:

«Այս դեպքում, եթե նկատի ունենք, որ այդ ընկերությունը պատկանում է բարձրաստիճան պաշտոնատար անձի հորեղբոր տղային, ապա ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի` հորեղբոր տղան չի մտնում ազգակցական կապի շրջանակի, փոխկապակցված անձանց մեջ: Այդ առումով շահերի բախում առերևույթ չկա: Այլ հարց է, որ ողջամիտ կասկածներ միշտ մնում են, որ նա կարող է օգտագործել իր դիրքը գնումներում հաջողության հասնելու համար», - ասում է Տիգրանյանը:

Իրավաբանի կարծիքով՝ հանրային ծառայությունները կարգավորող օրենքը չի ստիպում պաշտոնյաներին բարեխիղճ լինել, քանի որ օրենքը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչ հետևանքներ պիտի լինեն շահերի բախման դեպքում: Տիգրանյանի խոսքով՝ օրենքը հաշվի չի առնում թվացյալ կամ հնարավոր շահերի բախման իրավիճակները, այնինչ եվրոպական երկրներում դա ամրագրված է օրենքով. - «Մեր օրենսդրությունը միայն փաստացին է ֆիքսում, այսինքն՝ եթե չկա, որ նրա մերձավոր ազգականը իրավական դրության բարելավում է ստացել, ուրեմն չկա շահերի բախում: Այս տեսակ ձևակերպմամբ շահերի բախում Հայաստանում երբևէ տեղի չի ունենա: Այն փաստը, որ նրա բիզնեսները կամ նրա ազգակցականների մասնակցությամբ ընկերությունները պետական գնումներում միշտ շահած են դուրս գալիս, այստեղ բնականաբար պիտի լինի այն ողջամիտ կասկածը և մեկնաբանվի, որ նա կարող էր օգտագործել պաշտոնական դիրքը»:

Տես նյութը Ազատություն ռադիոկայանի կայքում: