2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ եղել են բազմաթիվ ահազանգեր: Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը լրատվամիջոցում հրապարակված նյութերի կապակցությամբ բազմիցս առնչվում է ոստիկանության աշխատակիցների հետ, որոնց գործելաոճը իրազեկության պակասի կամ ոչ բավարար մասնագիտական պատրաստվածության մասին է վկայում, անգամ տեղիք է տալիս կարծելու, թե ձև է արվում, թե հետաքննում են խախտումների վերաբերյալ ահազանգերը:

Այսպես, դեկտեմբերի 8-ին գրություն է ուղարկվել խմբագրություն, որում ասված է, որ «Առավոտ» օրաթերթի 2015թ. նոյեմբերի 8-ին «ԹԻՀԿ. Ինչպե՞ս է օգտագործվում վարչական ռեսուրսը հանրաքվեի նախապատրաստման գործընթացում» հրապարակած նյութի կապակցությամբ հնարավորինս սեղմ ժամկետում ոստիկանության Մալաթիայի բաժին ապահովեն հրապարակման հեղինակին կամ լիազորված անձի՝ նշված հրապարակման փաստով պարզաբանումներ տալու համար»:

Այնինչ խոսքը վերաբերում էր «Առավոտ»-ի կայքում զետեղված «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության՝ վարչական ռեսուրսի ակնհայտ կամ հնարավոր օգտագործման վերաբերյալ երկու ամփոփագրերին, որոնցից առաջինը հրապարակվել է նոյեմբերի 4-ին, երկրորդը՝ նոյեմբերի 20-ին:

«Հիմա ինչ՝ պետք է ամփոփագրի հեղինակների փոխարեն պարզաբանումնե՞ր տանք», - եզրակացնում է սույն հրապարակման հեղինակը: «Կամ ինչպե՞ս ենք ապահովելու «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կամ թեկուզ նրանց մաս կազմող ԹԻՀԿ-ի ներկայությունը ոստիկանությունում, ի՞նչ է՝ պիտի ընկերաբար խնդրենք, որ ինքնակամ ներկայանա՞ն, թե՞ պետք է ձեռնաշղթաներ հագցնենք ու բերման ենթարկենք»:

Տես հրապարակումը Aravot.am-ում: