Ս.թ. դեկտեմբերի 9-ին Հ3 հեռուստաընկերության «Իրական հայացք» հաղորդման հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրաքվեի վերահսկողությանը ՀՀ սահմանադրական հանրաքվեի էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության միջոցով՝ նպատակ ունենալով կանխարգելել խախտումները: Այն, ինչ տեղի ունեցավ հանրաքվեին, քաղաքական կոռուպցիայի դրսևորում էր, երբ լիազորությունները չարաշահվում են ստանալու քաղաքական օգուտ, որը վերջին հաշվով բերում է նաև նյութական օգուտի: Համապատասխան փոփոխություն պետք է արվի Բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենքում: Պետք է ընտրացուցակների հետ կապված որոշակի հստակ պահանջներ դնել, որ ցուցակից հանվեն Հայաստանից հեռացածները, ներդրվի էլեկտրոնա-փաստաթղթային քվեարկության ինստիտուտը:

Դիտորդություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արձանագրել է հարյուրավոր խախտումներ: Այն տեղամասերում, որտեղ եղավ վճռական հսկողություն, հնարավոր եղան կանխել խախտումները: Մյուս կողմից՝ հանրաքվեի ընթացքում կիրառված ընտրախախտումների ողջ զինանոցը՝ լցոնումները, կարուսելը, «այո»-ի և «ոչ»-ի վերատեսակավորումը, ահաբեկումները, ընտրացուցակների մանիպուլյացիաները, նույնականացման քարտերի հետ կապված խնդիրերը, որ հետընթաց էր նախորդ ընտրություններից, կստիպի, որ ապագայում ավելի ուժեղ հսկողություն իրականացվի: Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ եթե այս ընտրացուցակների հետ կապված մանիպուլյացիան շարունակվի, 2017 թ. ընտրությունների մասին պետք է մոռանալ: Ավելի լավ է ընտրությունների ինստիտուտը հանել, քան այս ձևով ընտրություն անցկացնել:

Ըստ ՀՀ սահմանադրության հանրաքվեի էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի՝ կային քաղաք-գյուղ և տարածաշրջանային տարբերություններ մարզերի միջև: Քաղաքային բնակչությունն ավելի ազատ է եղել: Արարատյան դաշտավայրի մարզերը, Գեղարքունիքը, հարավը ավելի իշխանամետ են, քան հյուսիսը: Մարզերի կտրվածքով՝ հյուսիսային մարզերը՝ Շիրակը, Լոռին, Տավուշը ավելի զուսպ են եղեյ «այո»-ի մեջ՝ 50-60%: Կոտայքում, Արագածոտնում «այո»-ն 60-70% էր: «Այո»-ի ամենաբարձր տոկոս գրանցվել է Արարատի մարզում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում:

Հայաստանում առկա մշակույթի պայմաններում պետք է քաղաքացիների ակտիվ մասը ներքևից ճնշի, և դրանով ստիպի իշխանություններին իրենց ավելի զուսպ պահել: Նորմալ ընտրությունների միջոցով պետք է հասնել իշխանափոխության՝ վերնախավերի փոփոխության, ինչի արդյունքում իշխանավորը հաշվի կառնի քաղաքացու կարծիքը:

Տես նաև «Իրական հայացք» (Սերգեյ Տկաչենկո և Ռոման Ուդոտ) 08.12.2015, «Իրական հայացք» (Լուսինե Հակոբյան) 10.12.2015