Ս.թ. դեկտեմբերի 10-ին Երկիր մեդիա հեռուստաընկերության «Կլոր սեղան» հաղորդման հյուրերն էին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ինչպես նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Հաղորդումն անդրադարձել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումներին և դիտորդների աշխատանքին: Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է ահազանգերի քարտեզը, որ առցանց վարվում էր http://transparency.am կայքում: Գրանցված ընթացակարգի խախտումների թվում են լցոնումը, ուրիշի փոխարեն քվեարկությունը, տրցակների փոխումը, որ կարող է ազդել քվեարկության արդյունքի վրա: Այդ ամենն արվում է համակարգված մոտեցմամբ՝ ցանկալի արդյունք ստանալու համար, ինչը ազդում է հանրաքվեի ելքի վրա:

Ըստ Լևոն Բարսեղյանի իշխանությունն օգտագործել է երրորդ հանրապետության պատմության ընթացքում ընտրական հանցագործությունների ամբողջ զինանոցը և աննախադեպ էր դիտորդական առաքելության կողմից խախտումների արձանագրությունների ծավալը: