Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Մեդիա կենտրոնում» մասնակցել է քննարկման: Նա ներկայացրել է կոռուպցիայի իրավիճակը Հայաստանում: Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ կոռուպցիայի ընկալումը կարելի է գնահատել 3 հիմնական կազմակերպությունների (Թրանսփարենսի Ինթերնեշնլ, Համաշխարհային բանկ, Ֆրիդոմ Հաուս) ցուցանիշներով, ինչը ունի կորելացիա կոռուպցիայի իրական մակարդակի հետ` տվյալ երկրում: Քննարկման մյուս բնախոսներն էին ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակառուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության Կոռուպցիայի ընկալման 2015 թ. համաթիվը (ԹԻ ԿԸՀ) հրապարակվելու է 2016 թ. հունվարին: ԹԻ 2014 ԿԸՀ-ի համաձայն Հայաստանը 37-րդ տեղում է (0-ն բացարձակապես կոռումպացված, 100-ը բացարձակապես մաքուր): Ֆրիդոմ Հաուսի տվյալներով վերջին 3 տարիներին ինդեքսը մնացել է անփոփոխ՝ ոչ բարվոք. 5.25՝ 1-ից 7 սանդղակով, ուր 1-ը բացարձակ մաքուրն է, 7-ը՝ բացարձակ կոռումպացվածը: 2012-2014 թթ. արձանագրվել է որոշակի թույլ լավացում: Նույն կերպ Համաշխարհային Բանկի ցուցանիշներով վերջին 3 տարիների ընթացքում աննշան լավացումներ են եղել 2014 թ.` 51.7:

Վարուժան Հոկտանյանը նաև անդրադարձել է ընտրությունների անցկացմանը, քանի որ քաղաքական կոռուպցիան ամենափայլուն կերպով դրսևորվում է ընտրություններում, այդ թվում՝ վերջին հանրաքվեի ժամանակ: Դիտորդները արձանագրում էին ընտրախախտումների և ընտրակեղծիքների բազում դեպքեր: Սրանք քաղաքական կոռուպցիայի դրսևորումներ են: Այդ պատճառով կարող է վարկաբեկվի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ուստի, մարտահրավեր է նոր ընտրական օրենսգրքի մշակումը և պրակտիկայի փոխելը: Այսպիսի հանրաքվեի արդյունքում հասարակության աջակցությունը ռազմավարությանը կվերանա: Եթե չտրվի հստակ գնահատական և համապատասխան պատժամիջոցներ չկիրառվեն, հասարակությունը լուրջ չի ընկալի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման հետ կապված ցանկացած քայլ:

Տես «Մեդիա կենտրոնի» հաղորդագրությունը: