Ս.թ. դեկտեմբերի 8-ին Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համագործակցությամբ անց է կացվել փորձագիտական քննարկում ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քաղաքական ու ընտրական հետևությունների վերաբերյալ 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո: Քննարկման ժամանակ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրել են ընտրակեղծիքի վիճակագրական ապացույցը:

Փորձագիտական քննարկման մյուս բանախոս «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի փաստաբան, իրավաբան Տիգրան Եգորյանը ներկայացրել է ընտրախախտումների ու ընտրական իրավունքի հնարավոր փոփոխությունների մասին: EPDE-ի փորձագետ, Ռուսաստանի Գոլոս շարժման ներկայացուցիչ Ռոման Ուդոտը և EPDE-ի փորձագետ Ադամ Բուսուլեանուն ներկայացրել են Հայաստանի միջազգային ընտրական դիտորդական առաքելությունների աշխատանքի ամփոփումը: Նորվեգական հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, EPDE-ի փորձագետ Լենե Վեթելանդը բանախոսել է ԵՄ, ԱլԳ երկրների և Ռուսաստանի տեղական ու միջազգային քաղաքացի դիտորդների համագործակցության վերաբերյալ: