21 նոյեմբերի, 2015թ.

Կիև, Ուկրաինա: Մենք՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ Կիևում ընթացող 7-րդ տարեկան համաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեր գործընկերների մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Սահմանադրության փոփոխությունների գործընթացը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին և անընդունելի է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրության համար:

Մեզ մտահոգում է, որ Սահմանադրության նախագծի մշակման և դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացման քարոզչության գործընթացը՝ ներառյալ իրազեկման համար հավասար հնարավորությունների ապահովման և ընտրացուցակների կազմման աշխատանքները, իրականացվում են բազմաթիվ խախտումներով և արդեն իսկ անվստահություն են ձևավորում Սահմանդրության հանրաքվեի վերջնական արդյունքների նկատմամբ:

Հիշեցնում ենք, որ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մինչ այդ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը և դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են և բխում են ոչ թե հասարակության և պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից:

Մենք անընդունելի ենք համարում իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսները միակողմանի քարոզչության և իշխանության վերարտադրման շահերին ծառայեցնելու պրակտիկան:

Մենք ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում պատշաճ կերպով սահմանված չեն մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տեղական ինքնակառավարմանը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնմանը, բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը և ոլորտային խնդիրներին վերաբերող բազմաթիվ այլ դրույթներ:

Ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առկա գործընթացը խախտում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ որոշումների կայացման մասնակցության իրավունքը և պետք է անընդունելի համարվի բոլոր այն կազմակերպությունների և կառույցների կողմից, որոնք ունեն մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության տարածման առաքելություն: