Հայաստանի հանրային ռադիո. Հանրաքվեից 10 օր առաջ՝ ս.թ. նոյեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը անցկացրել է դասընթաց՝ հետաքրքրվածներին ներկայացնելու, թե ինչպես կարող են ընտրացուցակները ստուգել և հանրաքվեի օրը վերահսկողություն իրականացնել elections.transparency.am ինտերնետային կայքով և հատուկ մշակված ծրագրով: Ակնկալվում է քաղաքացիական ակտիվիստների, դիտորդների, կուսակցությունների մասնակցությունը, ովքեր ուզում են հանրաքվեն անցնի հնարավորին չափ քիչ խախտումներով: Նախորդ համապետական ընտրությունների ժամանակ ԹԻՀԿ-ը կիրառել էր այդ ծրագիրը, որի միջոցով ի հայտ եկած խախտումները, ի թիվս այլ խախտումների, ՀԱԿ-ը ներկայացրել էր Սահմանադրական դատարան քվեարկության արդյունքների բողոքարկման ժամանակ:

Համեմատության, հաշվարկների, կոնկրետ հասցեներում գրանցված անձնանց թվի, տարիքի և այլ տեղեկատվության համար կայքում ստեղծված են անհրաժեշտ բոլոր գործիքները: Տվյալները բոլորը պաշտոնական են՝ վերցված Ազգային վիճակագրական ծառայությունից, իսկ հանրաքվեի օրը՝ նաև ԿԸՀ պաշտոնական կայքից: Այդ օրը ըստ ժամերի հնարավոր է հետևել ընտրությունների ընթացին:

Այդպես օրինակ, հենց տեղում համակարգչի մոտ նստած կարելի է շատ ու շատ փաստեր հայթայթել: Մի քանի վայրկյանի ընթացքում elections.transparency.am կայքի միջոցով կարելի է պարզել միևնույն անուն-ազգանումով, տարեթվով մարդկանց թիվը, մեկ հասցեում գրանցված ընտրողների թիվը, որ երբեմն հասնում է մի քանի հարյուրի:

Տես Հայաստանի հանրային ռադիոյի կայքը: Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից: