2008թ. մայիսի 21-ին «Ուրբաթ» ակումբում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպել էր մամուլի ասուլիս` նվիրված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններին: Ասուլիսին ելույթ են ունեցել և լրագրողների հարցերին պատասխանել են ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Բանախոսներն անդրադարձել են ս.թ. մարտի 1-ի դեպքերի անմիջական ազդեցության տակ 2004թ. ընդունված օրենքի փոփոխություններին, որ կատարվել են մարտի 17-ին, և ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների ներքո օրենքի նոր փոփոխություններին, որոնք ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել են մայիսի 20-ին: Եթե մարտի 17-ին կատարված փոփոխություններով սահմանափակվել են ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու` ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը, ապա վերջին փոփոխությունները նշված սահմանափակումները մի թեթև մեղմելու նպատակ են հետապնդում: Դրան դեմ են արտահայտվել բանախոսները, նշելով, որ ըստ ԵԽԽՎ բանաձևի մարտի 17-ի փոփոխություններն անընդունելի են, իսկ մայիսի 20-ին կատարվածը բնորոշել են որպես գործարք ՀՀ իշխանությունների և Վենետիկի հանձնաժողովի միջև: Իսկ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, ինչպես հայտարարել է կազմակերպության նախագահը, մի շարք այլ կազմակերպությունների հետ ստեղծել է աշխատանքային խումբ, որը հետևելու է նշված բանաձևի իրականացմանը, և «թույլ չի տալու, որպեսզի իշխանությունները թոզ փչեն միջազգային հանրության աչքերին»: