Ս.թ. նոյեմբերի 18-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը բանախոսել է Մարտունի քաղաքում Մեդիա կենտրոնի կազմակերպած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ: Տարբեր կուսակցությունների, քաղաքային և մարզային ադմինիստրացիայի ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական փոփոխություններին՝ հասկանալու թե ինչ փուլում ենք գտնվում և ինչ է կատարվում քարոզարշավի շրջանակներում: Տիգրանյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բովանդակային քննարկմանը և ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագծի ուժեղ և թույլ կողմերը՝ ուշադրություն հրավիրելով խնդիրների և մարդու իրավունքների, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական իրավունքների, ժողովրդավարության հետընթացի վրա:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի սահմանած հանրաքվեների լավագույն պրակտիկայի կանոնագրքին, որովհետև որոշ հարցերում պետությունն ուղղակի ձախողել է միջազգային կազմակերպությունների կողմից ստանձնած հանձնարարականները: Նախագծով առաջարկվում է կիսանախագահականից անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, մինչդեռ նախագծի 89-րդ հոդվածով ամրագրված «կայուն մեծամասնության գաղափարն» ի չիք է դարձնում պառլամենտարիզմի ժողովրդավարությունը: Ժողովրդավարության հետընթացի առումով այս նախագիծն ավելի քիչ հնարավորություն է տալիս մասնակցելու պետության կառավարմանը, քանի որ քաղաքացին ավելի քիչ ընտրությունների մասնակցելու հնարավորություն է ստանում:

Տես Մեդիա կենտրոնի կայքէջը: