Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց Թեղուտի պաշտպանության խումբը անցկացրեց երկու ժամանոց բողոքի ցույց: Բազմաթիվ պաստառներով երկու-երեք տասնյակ մասնակիցներ ՀՀ կառավարությունից պահանջում էին վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումները: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Կանաչ, մաքուր Հայաստան», «Հեռու Թեղուտից» և այլ կարգախոսներ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչն ընդունեց ակցիայի մասնակիցների ներկայացուցիչներ Սոնա Այվազյանին և Արման Վերմիշյանին: Խաղաղ ակցիային հետևում էին մեկ-երկու տասնյակ ոստիկաններ, իսկ այդ պահին նույն վայրում տեղի էր ունենում նաև իրենց տներից զրկված Բուզանդի փողոցի բնակիչների բողոքի ցույցը:

Բնապահպանական ակցիայի մասնակիցներն այնուհետև երթով շարժվեցին դեպի կառավարության երրորդ մասնաշենք, որտեղ տեղակայված է Բնապահպանության նախարարությունը և նրա մուտքի դիմաց կրկնեցին նույն վանկարկումները: Այստեղ ակցիան տևեց ընդամենը քառորդ ժամ:

Թեղուտի պաշտպանության ակցիային մասնակցեցին Էկոլոգիական դաշինքի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ և ՀՀ ԱԺ պատգամավոր Զ.Փոստանջյանը իր հնգամյա դստեր հետ: