Ս.թ. մայիսի 13-ին ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Թեղուտի պաշտպանության խմբի այլ անդամներ «Ուրբաթ» ակումբում անց են կացրել մամուլի ասուլիս` անդրադառնալու կայացած ակցիայի մանրամասներին և ներկայացնելու հետագա ծրագրերը: Նախաձեռնող խումբը պատրաստվում է մի շարք հայցերով դիմել դատարան` վիճարկելու Թեղուտի հանքի շահագործումը արտոնող կառավարության որոշումը, ինչպես նաև Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում ուրանի հանքերի ցանկացած հետազոտության թույլտվություն:

Լիխտենշտեյնում գրանցված ընկերությանն (81%) ու Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեժլումյանին (19%) պատկանող «Արմենիա Քափր Փրոգրամ» ընկերությանը Թեղուտի հանքի շահագործման թույլտվության որոշումը կառավարությունը տվել է 2007-ին: Այն նախատեսում է մոտ 350 հա անտառի հատում, ինչպես նաև գործարանի կառուցում, որի թափոնների կործանարարությունը, բնապահպանները անդառնալի են համարում: Թեղուտի հանքավայրի շահագործման համար ստեղծվելիք պոչաբմարը լինելու է 110 հա` Երևանյան լճի չափ:

Մամուլի ասուլիսին ելույթով հանդես եկան խմբի անդամներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Սուխուդյանը, Հրայր Սավզյանը, Արման Վերմիշյանը, Սոնա Այվազյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ներկայացնելով իր հարցադրումը ՀՀ կառավարությանը Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: