Մայիսի 9-11-ին Թեղուտի պաշտպանության խմբի կողմից իրականացվել է «SOS Թեղուտ» հեծանվային արշավը, որին մասնակցել է 40 մարդ, այդ թվում` 25 հեծանվորդ: Ակցիան նպատակ ուներ հայաստանյան հասարակության ուշադրությունը կենտրոնացնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման կործանարար հետևանքների վրա: ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծն իրականացվում է «Արմենիա Քափր Փրոգրամ» ընկերության կողմից:

Արշավի մասնակիցներն առաջին օրը կանգ են առել Վանաձոր քաղաքում, որտեղ կայացել է «Scream» խմբի ռոք համերգը` ի պաշտպանություն Թեղուտի: Ակցիան շարունակվել է արշավի երկրորդ օրը` վանաձորցիներին բաժանվել են հանքավայրի շահագործման բացասական հետևանքների մասին մամուլի հրապարակումներ և այն կասեցնելու կոչով թռուցիկներ: Այնուհետև մասնակիցները ժամանել են Ալավերդի քաղաք, որտեղ կարճատև բողոքի ակցիա է կազմակերպվել «Արմենիա Քափր Փրոգրամ» ընկերության վարչական շենքի դիմաց և բաժանվել են նույն նյութերը: Ալավերդուց մասնակիցները շարժվել են Թեղուտ, որտեղ բացօթյա քննարկումներ են կայացել տեղի բնակչության հետ: Միջոցառմանը միացել են նաև հարևան Շնողի բնակիչները: Մայիսի 11-ին հեծանվարշավի մասնակիցները վերադարձել են Երևան:

Թեղուտի պաշտպանության հեծանվային արշավին մասնակցել են Էկոլոգիական դաշինքի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ և ՀՀ ԱԺ պատգամավոր Զ.Փոստանջյանը հնգամյա դստեր հետ: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը միջոցառման կազմակերպիչներից է: