Մարդու իրավունքները ՀՀ սահմանադրության նոր նախագծում
Ս.թ. հոկտեմբերի 23-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները ՀՀ սահմանադրության նոր նախագծում» խորհրդաժողովին: Նա ներկայացրել է ԹԻՀԿ դիրքորոշումը ՀՀ Սահմանադրության նախագծի մարդու իրավունքներին առնչվող հոդվածների վերաբերյալ:
Խորհդաժողովին ելույթով հանդես են եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը, իրավապաշտպաններ Արա Ղազարյանը, Արտակ Զեյնալյանը, Արթուր Սաքունցն ու Ավետիք Իշխանյանը:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը կարևորել է փոփոխությունների շուրջ բաց, ներառական բանավեճերը և որ հանրաքվեին դեմ արտահայտվող ուժերն իրենց ձայնը լսելի դարձնելու հավասար հնարավորություն ունենան, մասնավորապես, հեռարձակվող լրատվամիջոցներով:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու կարծիքով՝ եթե Սահմանադրությունն ունենա քողարկված կարճաժամկետ օրակարգ, ապա արդյունքի հասնել հնարավոր չի լինի. կարևորը գրված բառերը չեն, այլ այն, թե ինչպես են դրանք կյանքի կոչվում: