Ս.թ. հուլիսի 24-28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Հայաստանի 4 մարզերում ներկայացրել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի (ՕԱՀ) գնահատում 2014» զեկույցը, որն ուսումնասիրում է Հայաստանի 13 ինստիտուտների (Նախագահ, օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն, դատական համակարգ, քաղաքացիական ծառայություն, իրավապահ մարմիններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Մարդու իրավունքների պաշտպան, Վերահսկիչ պալատ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, կուսակցություններ և բիզնես) հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմներն ու երաշխիքները: Միջոցառումը կազմակերպվել է ԹԻՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում» ծրագրի ջատագովության փուլի շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի համաֆինանսավորմամբ: Զեկույցը ներկայացվել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադրած Գավառի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոններում: Գյումրիի հանդիպումը լուսաբանել են Ազատություն ռադիոկայանը, ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, Առավոտ օրաթերթը:

Յուրաքանչյուր ինստիտուտ կամ հենասյուն գնահատվում է օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից՝ ընդգծելով ֆորմալ դրույթների և պրակտիկ կիրառման միջև անհամապատասխանությունը: Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ «Հայաստանում կան օրենքներ, որոնք պրակտիկայում այդպես էլ կիրառություն չեն ստանում: Օրենքի և պրակտիկայի չափողականությունների միջև տարբերություն կա, հաճախ դա ցույց է տալիս իմիտացիան, երբ փորձում են օրենքը ձևական կիրարկել, իրապես այդ օրենքը չի աշխատում»:

Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակը պայմանավորված է թույլ տնտեսության ու միջին խավի բացակայության, մրցակցության պակասի, քաղաքական ոլորտում մեկ կուսակցության գերիշխանության ուժեղացման, տնտեսական ոլորտում մոնոպոլիզացիայի, անպատժելիության մթնոլորտի տարածված լինելու, ընտրությունների կեղծման, հասարակության ցածր իրավագիտակցության հետ: