Ս.թ. հուլիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «Ինչպիսի՞ն է կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում» թեմայով քննարկում: Բանախոսներ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանն անդրադարձել են Թրանսփարենսի ինթեներշլի (ԹԻ) քարտուղարության հետազոտական բաժնի` 2015 թ. հուլիսի 2-ին ներկայացված «Կոռուպցիայի վիճակը. Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա» զեկույցին: Այն ԱլԳ 5 երկրների (բացառությամբ Բելառուսի) օրինավորության ազգային համակարգերի (ՕԱՀ) համամատական վերլուծությունն է՝ ներկայացնելով այդ բոլոր երկրների համար ընդհանուր խնդիրները և նաև այդ երկրների կոռուպցիոն իրավիճակը բարելավելուն ուղղված առանցքային հանձնարարականները:

ԹԻՀԿ-ը երրորդ անգամն է կատարել ՕԱՀ ուսումնասիրություններ, որ հրապարակվել են 2004, 2013 և 2015 թթ.: Վերջին ուսումնասիրությունը՝ «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014-ը» ներկայացվել է 2015 թ. ապրիլի 30-ին: «Կոռուպցիայի վիճակը. Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա» զեկույցում ավելի կոմպակտ ձևով ներկայացված են ԹԻՀԿ (էջ 12-14) և ԹԻ մյուս 4 մասնաճյուղերի` Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցչությունների ուսումնասիրության արդյունքները: Նման տարածաշրջանային ուսումնասիրություն առաջին անգամ է իրականացվել Թրանսփարենսի ինթեներշլի կողմից: ԹԻ մասնաճյուղերի ուսումնասիրությունների հիման վրա ԹԻ քարտուղարությունը վեր է հանել 3 հիմնական խնդիրներ, որ ընդհանուր են բոլոր 5 երկրների համար.

  • գործադիր իշխանության նկատմամբ զսպումների և հավասարակշռումների մեխանիզմների անբավարար լինելը
  • քաղաքականացված և անարդյունավետ դատական համակարգը
  • քաղաքացիական հասարակության նկատմամբ սահմանափակումները: