Ս.թ. հուլիսի 14-15-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը Ծաղկաձորում մասնակցել է «Թափանցիկությունը և հանրային մասնակցությունը օրինաստեղծ գործընթացում» թեմայով աշխատաժողովին` կազմակերպված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ: Սա Հայաստանում օրինաստեղծ գործընթացի տարբեր ասպեկտների վերաբերյալ 2015 թ. տեղի ունեցած չորս թեմատիկ սեմինարներից երրորդն էր, որը նախատեսված էր 2014 թ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Արդարադատության նախարարության միջև կնքված փոխըմբռնման հուշագրով:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության շուրջ քսան ներկայացուցիչներ: Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են օրինաստեղծ գործընթացների շուրջ արդյունավետ, թափանցիկ և հաշվետու հանրային խորհրդակցություններ ապահովելու ուղիները, խորհրդակցությունների վերաբերյալ միջգերատեսչական համագործակցության բարեփոխումը, փորձել են բացահայտել հանրային մասնակցության և քննարկումների բարելավման ձևերն ու մեթոդները: