Շուրջ մեկուկես տարի դատական տարբեր ատյաններում քննվելուց հետո տուժողի իրավահաջորդի բողոքը բավարարվեց
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը 2010 թ. մարտից իրականացնում է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Գեորգի Մկրտչյանի շահերի պաշտպանությունը: Տուժողի կինը 2008 թ. օգոստոսի 1-ին ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ հաջորդ օրը մահացել է: Փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում 2009 թ. մայիսի 19-ին հարուցվել է քրեական գործ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներով ստացվել են իրարամերժ եզրակացություններ մահվան պատճառի վերաբերյալ, ընդ որում, վերջին, ըստ նախաքննական մարմնի, արժանահավատ եզրակացությունը տվել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով ձևավորված հանձնաժողովը: Այդ հանգամանքը կասկածի տակ է դնում եզրակացության օբյեկտիվությունը` հաշվի առնելով նախարարի անմիջական առնչությունն «էրեբունի» բժշկական կենտրոնին:
2009 թ. դեկտեմբերի 19-ին քննիչի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումը Գ. Մկրտչյանի և նրա ներկայացուցիչ Հ. Տիգրանյանի կողմից բողոքարկվել է դատարան, սակայն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ե. Եսոյան) և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր Ա. Պետրոսյան) որոշումներով բողոքը մերժվել է` օրինական ուժի մեջ թողնելով քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը:
ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի վճռաբեկ բողոքը և գործն ուղարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Բողոքի նոր քննության արդյունքում դատարանը (դատավոր Վլադիմիր Գրիգորյան) 2011 թ. հունիսի 15-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդ Գեորգի Մկրտչյանի և նրա ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանի բողոքը ճանաչել է հիմնավորված և բավարարել է այն` վերացնելով քրեական գործի վարույթը կարճելու մասին ավագ քննիչի որոշումը, ինչը նշանակում է քրեական գործի վերսկսում:

