ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո. կայացավ երկօրյա միջազգային հակակոռուպցիոն համաժողովը
Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։
Համաժողովին մասնակցել են ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը և իրավական հարցերով փարձագետ Հայկ Մարտիրոսյանը: Սոնա Այվազյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության առաջնահերթությունները: (Դիտել՝1։19։27-ից սկսած)։ «Շատ կարևորում ենք, որ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ դատական համակարգի առողջացմանը տեղ հատկացվի` դատավորների զտման, թափանցիկության մեխանիզմների միջոցով: Անշուշտ կան նաև այլ կառույցների կողմից իրականացվող դատական համակարգի բարեփոխումների ծրագրեր: Սակայն այդ բոլոր ծրագրերը պետք է համահունչ և փոխկապակցված լինեն, հանդիսանան երկրի զարգացման ընդհանուր ռազմավարության մի մաս և ոչ թե լինեն առանձին կյանք ունեցող փաստաթղթեր, ինչը մեզ մոտ տարիներ շարունակ եղել է բոլոր ռազմավարությունների, բոլոր փաստաթղթերի առումով»,- ասել է Սոնա Այվազյանը:
Խաչիկ Հարությունյանը ներկայացրել է «Հակակոռուպցիոն ինսիտուցիոնալ մոդելի ընտրության և ներդրման մարտահրավերները Հայաստանում» թեման: (Դիտել՝ 3:19:10-ից սկսած): «Կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է լինի ինքնանպատակ, այն պետք է միտված լինի տնտեսական զարգացմանն ինչն իր հերթին պետք է բերի տնտեսական ինքնիշխանությանը: Այս առումով, մասնագիտացված հակակոռուպցիոն մոդելի ընտրության հարցը, որը հանդիսանում է կոռուպցիայի դեմ ընդհանուր պայքարի ընդամենը մեկ մասնիկը, ևս չպետք է լինի ինքնանպատակ, և պետք է լինի տնտեսապես հիմնավորված»,- նշել է Խաչիկ Հարությունյանը:
Հայկ Մարտիրոսյանն անդրադարձել է Հայաստանում ակտիվների վերադարձման մարտահրավերներին: (Դիտել՝5։57։19-ից սկսած)։ «Պետք է արձանագրել, որ ակտիվների վերադարձի կիրառման նպատակը ոչ թե քրեական հետապնդման գաղափարն է, այլ տնտեսական շրջանառությունից ապօրինի ակտիվները դուրս բերելու եղանակով հանցավոր խմբավորումների տնտեսական հնարավորությունները թուլացնելը և վերադարձված միջոցները տնտեսության մեջ ներդնելու եղանակով տնտեսական աճին նպաստելը»,- համաժողովին այսպիսի տեսակետ է հայտնել ԹԻՀԿ իրավական հարցերով փարձագետը։
Սկզբնաղբյուրը` Իրավաբանների հայկական ասոցիացիայի ֆեյսբուքյան էջ և կայք

