Տեխնիկական վրիպակի պատճառով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու նոր՝ լրամշակված դիմում է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: «Ազատության» դիտարկմանը, թե հանձնաժողով ներկայացված տեղեկանքում ընկերությունը նախատեսել էր 1 կգ ցեմենտի համար վճարել 57 հազար դրամ այն դեպքում, երբ շուկայում այն վաճառվում է շուրջ հազար անգամ ավելի էժան գնով, ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանն ասել է, թե դա տեխնիկական վրիպակ է: «Վրիպակ է եղել: Փոխանակ գրվի սարքավորումներ և նրան համարժեք այլ նյութեր, այդ թվում ցեմենտ, գրվել է մենակ ցեմենտ»: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանը վստահեցնում է, թե այն, որ ՀԷՑ-ը մանրամասն չի պարզաբանում, թե ինչի վրա և ինչպես են ծախսելու միլիարդավոր դրամները, վկայում է կոռուպցիայի մասին։

«Կարող է այդ սարքավորումը լինի, օրինակ, մեքենաների լվացման հետ կապված սարքավորումներ կամ կամայական այլ բաներ», - «Ազատության» հետ զրույցում ասել է ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանը: Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԷՑ-ի հայտը մոտ 3500 էջ է։ Արտակ Մանուկյանը չի բացառում, որ սա միակ «տեխնիական վրիպակը» չէ․ - «Բացառված չէ, որ նախկինում էլ եղել են նման ծախսեր, և ինչ-որ մեկի անփութության կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրանք այնքան էլ խոշորացույցի տակ չի զննել»:

Մանրամասները՝ Ազատություն ռադիոկայանի կայք էջում: