Ս.թ. մարտի 19-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտները Արևելյան գործընկերության ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում» հանրային քննարկմանը և հանդես է եկել «Հակակոռուպցիոն բարեփոխումները և գործընթացի նկատմամբ հանրային վերահսկման մեխանիզմները» թեմայով բանախոսությամբ: Նախքան ներկա հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և դրա միջոցառումների ծրագրի իրականացման համար ինստիտուցիոնալ կառույցներին անդրադառնալը նա փոքր պատմական ակնարկ է կատարել: Հոկտանյանը քննության է առել երկրում մարդու իրավունքների, դատական համակարգի իրավիճակի և կոռուպցիայի մակարդակի միջև փոխկապակցվածությունը:

Քննարկումը կազմակերպվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահների, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահի բարձր հովանու ներքո` Բաց հասարակության հիմնադրամների և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի համագործակցությամբ: Միջոցառման ընթացքում հետադարձ հայացք է նետվել Հայաստանում, Արևելյան գործընկերության համատեքստում դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների զարգացման գործընթացների վրա: Անդրադարձ է կատարվել նաև նշված ոլորտների և մեխանիզմների զարգացումներին՝ Հայաստանի եվրասիական տնտեսական միության ինտեգրման համատեքստում: Քննարկման ընթացքում ներկայացվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերլուծություններն ու գնահատականները բարեփոխումների ընթացքի վերաբերյալ՝ դրանք մեկտեղելով քաղաքականության բարեփոխման կոնկրետ առաջարկների հետ:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ դատական համակարգի ոչ անկախ լինելը իր հերթին quid pro quo իրավիճակին է բերում: Աչք է փակվում ոչ անկախ դատավորների անպատիժ կաշառք վերցնելու և անարդար դատավճիռների կայացման վրա, որովհետև անհրաժեշտ դեպքերում նրանք կկատարեն համապատասխան պատվեր և այդ ձևով հարցը կլուծվի: Կոռուպցիայի դրսևորումները բերում են շարքային քաղաքացիների իրավունքների խախտման, երբ նրանք չեն ստանում այն ծառայությունները, որ պետք է ստանային կամ կատարում են ապօրինի վճարումներ այդ ծառայությունները ստանալու համար: Սրանք նույնպես մարդու իրավունքների խախտում են:

2003-2007 թթ. իրականացվել է ՀՀ 1-ին, 2009-2012 թթ. 2-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը: Միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների (ԹԻՀԿ-ի 2002 թ. և 2006 թ. և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանի՝ 2008-2010 թթ. 3 տարի անընդմեջ անցկացված) կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ իրավիճակը բացարձակապես բավարար չէ: Դա նաև հաստատում են այդ տարիների ընթացքում հրապարակված միջազգային կազմակերպությունների համաթվերը: Մասնավորապես ԹԻ ԿԸՀ-ով Հայաստանի մոտ առաջընթաց չի գրանցվել: Նույնիսկ 2008-12 թթ. եղել է որոշակի հետընթաց: Համաթվի դինամիկան նայելով՝ լավագույն դեպքում իրավիճակը կարելի է համարել լճացում: Էմպիրիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ԿԸՀ-ն 50-ից ներքև է, կոռուպցիան համակարգի վրա ազդող լուրջ խնդիր է: Հայաստանի դեպքում այն համակարգային երևույթ է: Նույն պատկերը ցույց են տալիս ԹԻ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալները, Համաշխարհային բանկի կոռուպցիայի գործակիցը, Ֆրիդոմ Հաուսի համապատասխան control of corruption գործակիցը: Հենց կոռուպցիայի բարձր մակարդակն էր գլխավոր պատճառներից մեկը, որ բերեց նրան, որ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող Հազարամյակի մարտահրավերների ծրագիրը (MCA) Հայաստանում չշարունակվեց և դադարեցվեց:

2013 թ. դեկտեմբերից աշխատանքներ են սկսվել ՀՀ հակակոռուպցիոն 3-րդ ռազմավարության նախագծի շուրջ: Նախորդ երկու ռազմավարությունները որևէ լուրջ արդյունք չեն տվել: Բացի հակակոռուպցիոն ռազմավարությունից, հակակոռուպցիոն իրավական համակարգը իր մեջ ներառում է Հայաստանի միջազգային պարտավորությունները և այն պարտավորությունները, որ բխում են Հայաստանի կողմից վավերացված համաձայնագրերով, այն է՝ 2005 թ. վավերացրած Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիան և Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիան, ինչպես նաև 2007 թ. վավերացրած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան: ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ պետություն լինելով՝ պետք է օրենսդրությունը համապատասխանեցնի կոնվենցիայի դրույթներին:

Ինչ վերաբերում է ՀՀ միջազգային պարտավորություններին՝ որպես ՏՀԶԿ ստամբուլյան գործողությունների ծրագրի հակակոռուպցիոն ցանցի անդամ, ՀՀ-ն ստանձնել է կատարելու 3-րդ ռաունդի, որպես ԳՐԵԿՈ-ի անդամ՝ 4-րդ ռաունդի պարտավորությունները: ԳՐԵԿՈ-ի գնահատման թիմի այցը Հայաստան նախատեսված է 2015 թ. ապրիլին, որի ընթացքում հիմնականում ուշադրությունը դարձվելու է շահերի բախման, գույքի և եկամուտների հայտարարագրման հարցերի վրա:

Հակակոռուպցիոն քաղաքականության՝ աշխարհում ընդունված 3 հիմնական բաղադրիչները (1. կոռուպցիայի կանխարգելում, 2. կոռուպցիայի բացահայտում՝ կոռուպցիայի քրեականացում, օրենքի գերակայություն/detection of corruption/ և 3. հանրային աջակցություն, կրթում, որպեսզի հանրությունը լինի իրազեկ և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող), որոնց առկայությամբ հնարավոր է իրականացնել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն, ֆորմալ առումով առկա են հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում: Նախագծի թերություններից է մոնիտորինգային համակարգի մասի բացակայությունը:

1. Կանխարգելիչ ուղղության մասում հիմնականում շեշտը դրվում է 4 ենթաբաղադրիչների վրա՝
1) հանրային ծառայության օրինավորություն՝ /integrity/ շեշտադրելով բարեխիղճ հանրային ծառայողների վեբերյան մոտեցումը
2) հանրային ծառայության արդյունավետության բարձրացում, որ ավելի արդյունավետ կերպով մատուցվեն ծառայություններ՝ կենտրոնանալով էլեկտրոնային կառավարման և նման այլ գործընթացների վրա
3) թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում
4) հանրային մասնակցություն հակակոռուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների ծրագրի իրականացման հարցում:

2. Կոռուպցիայի քրեականացման ուղղության կիզակետում իրավապահ մարմինների կարողությունների/ռեսուրսների հզորացումն է և համապատասխան հոդվածները: ՀՀ քրեական օրենսդրության մեջ չկա կոռուպցիային վերաբերող առանձին բաժին և սահմանում ընդհանրապես, որը թերություն է: 2007 թ. նոյեմբերին ՀՀ նախկին գլխավոր դատախազի կողմից հրաման է եղել, որով սահմանվել են կոռուպցիոն հանցագործությունները: Ներկայումս գլխավոր դատախազության կայքում բացակայում է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը՝ վիճակագրության մոտեցման վերանայման պատճառաբանությամբ: Այն քաղաքական կամքի դրսևորման հարց է:

Միջազգային փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ իշխանափոխություն տեղի չի ունեցել, իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորման արդյունքում, ինչպես եղել է Դանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, (ինչպես նաև որպես դասագրքային օրինակ բերվող ավտորիտար պետություն Սինգապուրի դեպքում, կոշտ քաղաքականության շնորհիվ) կարողացել են իսկապես կտրուկ նվազեցնել կոռուպցիան:

Ինչ վերաբերում է Հայաստանին, նախորդ ռազմավորությունների անհաջողությունը զգալիորեն պայմանավորված էր նրանով, որ ինստիտուցիոնալ կառույցները բացակայում էին: Այս դեպքում կարծես թե թղթի վրա 2015 թ. փետրվարի 19-ին ընդունվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում:

Խորհրդի հետ կապված փոփոխությունն այն է, որ ենթադրվում է ներգրավել քաղաքացիական հասարակությանը և կուսակցություններին: Չլինելով դասական իմաստով անկախ ինստիտուցիոնալ հաստատություն, այլ ուղղակի խորհրդատվական մարմին, որը պետք է ի պաշտոնե ղեկավարվի վարչապետի կողմից, բերում է անձնականացման, և հաշվի առնելով այն, ինչ եղել էր 2004 թ. ստեղծված Խորհրդի հետ, մեծ կասկածներ կան, որ այդպիսի Խորհուրդ ընդհանրապես կստեղծվի, և ՀԿ-ները, կուսակցությունները դրանում կներգրավվեն: Եթե չկա քաղաքական կամք, դժվար է համոզել ՀԿ-ներին, կուսակցություններին Խորհրդում մասնակցել: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Հակակոռուպցիոն կոալիցիան ս.թ. մարտի 16-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով որոշել է ներկա փուլում ձեռնպահ մնալ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար անցկացվելիք մրցույթին Կոալիցիային անդամակցող հասարակական կազմակերպությունների թեկնածուներ առաջադրելուց և մասնակցելուց: Ինչպես բազմիցս հրապարակավ նշել է Վարուժան Հոկտանյանը, ԹԻՀԿ-ը առայժմ նույնպես ձեռնպահ է մնում խորհրդին մասնակցելուց:

Մյուս խնդիրը վերաբերում է փորձագիտական հանձնախմբին: Պետբյուջեով ֆինանսավորում չի նախատեսվում: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ո՞վ է ֆինանսավորելու այդ կառույցը, ինչպե՞ս է դա աշխատելու, եթե ինչ որ մեկը ֆինանսավորելու է, ինչքա՞ն ժամանակ է այն աշխատելու, ի՞նչ է տեղի ունենալու, երբ դադարեցվի դրսից ֆինանսավորումը: Հույսը դրվում է միջազգային դոնորների վրա: Սա ևս մի ինդիկատոր է, որ քաղաքական կամքը բացակայում է: