Կառավարությունն իր հունվարի 30-ի նիստում փոփոխություն կատարեց Պետգնումների մասին որոշման մեջ` այն համաձայնեցնելով Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պահանջներին: Այսպես, մինչև 70 մլն դրամի պետգնումներ կատարելիս կառավարությունն այսուհետ նախապատվությունը տալու է ԵՏՄ անդամ-պետություններում արտադրված ապրանքներին, եթե անգամ դրանք մինչև 15 տոկոսով թանկ լինեն եվրոպական նույնօրինակ տարբերակից: Ստացվում է` պետգնումների ժամանակ գործադիրը նախընտրելի է դարձնում ԵՏՄ երկրների ապրանքները, թեկուզև ավելի թանկ ու անորակ:

Մամուլ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ hակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը բացատրել է, որ ՀՀ օրենսդրությունում 2 չափանիշ կա` տնտեսապես առավել շահավետ առաջարկ և նվազագույն գին. իրականում պատվիրատուները որպես հաղթող մասնակցի ընտրության չափանիշ առավելապես կիրառում են նվազագույն գինը: Եթե մինչ այս որոշումը, ընկերություններից մեկն ինչ-որ գին էր առաջարկում, օրինակ` 1000 դրամ, մյուսը` 1140, 1000-ն էր ընտրվում, հիմա կընտրվի ԵՏՄ անդամ-երկրի 1140 դրամանոց ապրանքը»:

Փորձագետի կարծիքով` որոշումը կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում, խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ ընկերությունը կարող է գրանցվել ԵՏՄ տարածքում, եվրոպական ծագման ապրանքը ներկայացնել գնումների մրցույթում ու ստանալ գերշահույթ, իսկ պետական բյուջեից էլ նույն ապրանքը ձեռք կբերվի առավել թանկ գներով: Եթե նպատակը հայրենական արտադրողներին պաշտպանելն է, պետությունը հայրենական արտադրողներին խթանելու ավելի արդյունավետ գործիքներ ունի, որոնք նրանց կդարձնեն ավելի մրցունակ, օրինակ պետական երաշխիքներ, առավել ցածր տոկոսադրույքներ, բարենպաստ ներդրումային միջավայր և այլն: