Ս.թ. դեկտեմբերի 2-4-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների պատվիրակության կազմում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) նախալսումների շրջանակներում Ժնևում միջազգային հանրության առջև ներկայացրել է Հայաստանում մարդու իրավուքների իրավիճակի մասին այլընտրանքային զեկույց: Նախալսումը կազմակերպվել է UPR-Info-ի կողմից 2015 թ. հունվարի 22-ին կայանալիք ՀՊԴ-ին ընդառաջ, որի ընթացքում Հայաստանը ներկայացնելու է իր ՀՊ զեկույցը՝ կապված մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների հետ։

ՀՊԴ նախալսումներին մասնակցում են տարբեր երկրների մշտական առաքելություններ, ներկայացված երկրների մարդու իրավունքների հաստատություններ և ՔՀԿ-ներ՝ քննարկելու այդ երկրներում մարդու իրավունքների վիճակը ՄԱԿ-ի ՀՊԴ Աշխատանքային խմբի դիտարկմանն ընդառաջ: Նախալսումները մշտական պատվիրակություններին հնարավորություն են տալիս տեղեկացված լինել նախորդ փուլում ստանձնած հանձնարարականների կատարման մասին՝ տեղ տալով քաղաքացիական հասարակությանը միաժամանակ մի քանի պատվիրակությունների լոբբինգի միջոցով ազդելու գործընթացի վրա::

Այլ բանախոսների թվում Սոնա Այվազյանն ասել է, որ Հայաստանին մի շարք առաջարկություններ են արվել, այժմ պետք է զեկուցվի, թե այդ առաջարկությունները որքանով են կատարվել: Նախորդ փուլում չեն բարձրացվել և չեն քննարկվել մշակութային, առողջ շրջակա միջավայրի, սեփականության իրավունքների հարցերը, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն պնդել են, որ այդ հարցերը ևս ընդգրկվեն բարձրացվող խնդիրների շրջանակում:

Ընտրական իրավունքի ոլորտում առաջարկվել է, որ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները բացվեն ընտրություններից հետո, որպեսզի հասարակությունն իսկապես վստահի և ընտրությունների գործընթացին և արդյունքներին:

ՀՊԴ-ն 2006 թ. մարտի 15-ին հիմնադրված ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգ է, որի ընթացքում պարբերական կարգով ուսումնասիրվում է մարդու իրավունքների վիճակը ՄԱԿ-ի բոլոր 193 անդամ երկրներում: Դիտարկումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված ազգային զեկույցի, ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների զեկույցների և այլ շահագրգիռ անձանց (ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների) կողմից տրամադրված տեղեկատվությունը ամփոփող ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տեղեկանքների հիման վրա: Հերթական դիտարկման ավարտին ՄԱԿ-ի ՀՊԴ Աշխատանքային խումբը պատրաստում է զեկույց, որտեղ ամփոփ տեսքով ներկայացվում են դիտարկման արդյունքները, երկրում մարդու իրավունքների վիճակըևվիճակի բարելավմանն ուղղված ՀՀ-ին կատարված առաջարկությունները: Հայաստանի Հանրապետության առաջին դիտարկումը տեղի է ունեցել 2010թ. մայիս ամսին: Իսկ հերթական դիտարկումը, ըստ առկա ժամանակացույցի, տեղի կունենա 2015 թ. հունվար-փետրվար ամիսներին:

Մանրամասների համար տես UPR-Info կայքէջը անգլերենով: