«Լրագիր» էլեկտրոնային պարբերականի «Հարթակ» հաղորդաշարի հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նա անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի խնդիրներին, դրա հետևանքներին և պայքարի անարդյունավետության պատճառներին՝ ելնելով կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրությունների քանակական և որակական չափանիշներից: Ըստ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013 թ. հարցման հայաստանյան արդյունքների՝ մտահոգիչ է կոռուպցիայի դեմ պայքարի մեջ մարդկանց ներգրավված լինելու ցանկությունը և այդ պայքարում իրենց դերի ընկալումը: Հարցվածների միայն 37 տոկոսն է կարծում, որ շարքային քաղաքացու ներգրավվումը կոռուպցիայի դեմ պայքարում կարող է ինչ-որ բան փոխել: Որևէ ձևով կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացել է հարցվողների միայն 43 տոկոսը: Սա վկայում է կա'մ հասարակության անտարբերության մասին, կա'մ նրանում տիրող վախի մթնոլորտի, կա'մ էլ կոռուպցիայի դեմ պայքարի խաղաղ ձևերի անարդյունավետության մասին: Հայաստանցի հարցվողների միայն 33 տոկոսն է հայտնել, որ կբարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին, եթե դրանց առնչվի կամ վկա լինի:

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ), ընդհանուր առմամբ Հայաստանում լճացման իրավիճակ է, որն ունի խորքային մեխանիզմներ, պատճառներ, արմատներ: ԿԸՀ-ն կազմվում է տվյալ երկրում բնակվող և այդ երկրի հետ առնչվող ոչ տեղացի գործարարների և փորձագետների հետ հարցումների հիման վրա, մեկնարկել է 1995 թ.՝ կազմակերպության ստեղծման 2-րդ տարում: ԿԸՀ-ն գնահատում և դասակարգում է պետությունները/տարածքները՝ ելնելով այն բանից, թե տվյալ երկրի հանրային ոլորտը՝ պետական և համայնքային մարմինները որքանով են ընկալվում որպես կոռումպացված: Այն ստացվում է մի շարք կազմակերպությունների կողմից անցկացված հարցումների և գնահատումների` կոռուպցիային առնչվող տվյալների համադրությամբ: 2012 թ. ԿԸՀ հաշվարկման մեթոդաբանությունը և սանդղակը փոխվել են: Պետության/տարածքի ԿԸՀ արժեքը ցույց է տալիս պետության հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալված մակարդակը 0-ից 100 սանդղակով, նախկինում եղած 0-ից 10-ի փոխարեն, որտեղ 0-ն նշանակում է, որ պետությունն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը՝բացարձակապես մաքուր:

Հայաստանի կառավարությունը փորձում է ինչ-որ քայլեր ձեռնարկել, մասնավորապես էլեկտրոնային կառավարման հարցում՝ պայմանավորված ՀՀ ստանձնած միջազգային պարտավորութոյւններով և ֆինանսական օգնությամբ: Քանակական առումով էլեկտրոնային կառավարումը կրճատում է կոռուպցիոն ռիսկերը, բայց լուրջ որակական խնդիրներ չի լուծում: Այն որոշ չափով մեղմացնում է ըստ կանոնների կոռուպցիան, բայց չի կանխում ընդդեմ կանոնների կոռուպցիան: Ավելին, կարող է գործել էլեկտրոնային կոռուպցիան, երբ էլեկտրոնային կառավարման միջոցով հնարավոր է այնպիսի կանոնակարգեր ամրագրել, որոնք լուրջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Օրինակ, ճարտարապետական հուշարձան վերացնելով հնարավոր է ստանալ ինչ-որ բան կառուցելու թույլտվության: Էլ կառավարման համակարգը չի նայում այն հուշարձան է թե ոչ:

Պետությունը չունի քաղաքական կամք կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ: Պետական մարմինների կողմից քաղաքական կամքը լինում է կա՛մ իշխանափոխության միջոցով, կա՛մ ներքին փոփոխությունների արդյունքում, երբ երևույթը անշրջելի կդառնար: Հասարակության ձևավորման լուրջ խոչընդոտ է կառավարման համակարգի ոչ ժողովրդավար լինելը, երբ քաղաքացու ձայնը այնքան էլ լսելի չի դառնում: Դա դրսևորվում է առաջին հերթին ընտրություններում: Մեզ մոտ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել 1990-ից ի վեր: Տարածված է անպատժելիության երևույթը:

Կլանա-օլիգարխիկ համակարգում դժվար է միայնակ զինվորի կերպարը: Մեր հասարակությունը անտարբեր է կոռուպցիայի դեմ պայքարում և իշխում է վստահության պակասը: Եթե չկա քաղաքացու ակտիվությունը, պետք է վերևից ինչ-որ բան արվի, որ վստահությունը բարձրանա: Քրեա-օլիգարխիկ կառուցվածքին հակակշռելու համար պետք է լինի ինստիտուտ: