Ս. թ. դեկտեմբերի 17-ին կայացել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին խորհրդի հինգ անդամներից չորսը` Հայկակ Արշամյանը, Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը և Միքայել Հովհաննիսյանը: Բացակայում էր Արսեն Խառատյանը: Նիստը վարում էր խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը, քարտուղարությամբ` ԹԻՀԿ անդամ Քրիստինե Մարգարյանի: Նիստին ներկա էին նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Օրակարգում հետևյալ հարցերն էին՝ ԹԻՀԿ նոր ծրագրերի և դրանց առնչվող զարգացումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ԹԻՀԿ անդամավճարների գանձմանն առնչվող խնդրի քննարկում, ԹԻՀԿ անդամների ներգրավվածության աճին առնչվող հարցի քննարկում և հնարավոր լուծումների ու առաջարկների ներկայացում, ԹԻՀԿ անդամակցելու՝ Սերգեյ Արզումանյանի դիմումի քննարկում, Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հնարավոր թեկնածուների քննարկում, կազմակերպութան վարչակազմակերպական կառուցվածքի փոփոխություն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ շարժման “Unmask the Corrupt’’(Պատռենք դիմակները) քարոզարշավին անդամակցելու հարցի քննարկում:

Ներկայացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» և Բյուջեի և քաղաքականության առաջնահերթությունների կենտրոնի (Վաշինգտոն, ԱՄՆ) կողմից ֆինանսավորվող «Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկանքի որակի բարելավմանն ուղղված ջատագովություն» ծրագրերը: Տեղեկատվությունն ընդունվել է ի գիտություն:

Ներկայացվել են անդամավճարների գանձման հետ կապված խնդիրները: Երկու անգամ անընդմեջ անդամավճարը չվճարելու հիմքով անդամը կարող է խորհրդի ներկայացմամբ հեռացվել անդամակցությունից՝ ընդհանուր ժողովի որոշմամբ:

Առաջարկվել է ձեռնարկել ԹԻՀԿ անդամների ներգրավման հետևյալ միջոցները՝ հրավիրել անդամներին ԹԻՀԿ-ի և իր գործընկերների կողմից կազմակերպվող միջոցառումներին, ներգրավել անդամներին ծրագրային քննարկումներում, դիտորդական առաքելության իրականացմանը և այլն, ինչպես նաև թարմացնել անդամների տվյալները՝ ճշգրտելով նրանց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը և ոլորտային փորձառությունը:

Որոշվել է պարզել Սերգեյ Արզումանյանի երաշխավորումը ԹԻՀԿ երկու անդամների կողմից և նրանց համաձայնությունը ստանալուց հետո նրա անդամակցության դիմումը դնել Ընդհանուր ժողովի հաստատմանը՝ համաձայն կազմակերպության կանոնադրության:

Ներկայացվել են քննարկման Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հնարավոր թեկնածուների ցանկը:

Որոշվել է հաստատել կազմակերպության վարչակազմակերպական կառուցվածքը նոր խմբագրությամբ: Որոշվել է նաև հաստատել “Unmask the Corrupt’’ քարոզարշավին միացումը: