Ս.թ. դեկտեմբերի 16-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կազմակերպել էր «Հայաստանի oրինավորության ազգային համակարգի գնահատում 2014 թ. ի՞նչ է փոխվել 2012 թ. ի վեր» թեմայով աշխատաժողով ոչ հրապարակային ձևաչափով, որի ընթացքում կայացել է շահագրգիռ կողմերի հետ քննարկում՝ ներկայացնելու ուսումնասիրության արդյունքները և պարզելու գրանցված համակարգի թույլ կողմերի պատճառները: Աշխատաժողովը տեղի է ունեցել Օրինավորության ազգային համակարգի (ՕԱՀ) ուսումնասիրություն (2013-2015 թ.թ.) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Այն համակարգում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության Քարտուղարությունը և իրականացվում է Արևելյան գործընկերության երկրներում (բացառությամբ Բելառուսի) ԹԻ-ի մասնաճյուղերի կողմից:

Ծրագրի ընդհանուր նպատակն է կոռուպցիան նվազեցնելու միջոցով բարելավել լավ կառավարումը Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանում: Ծրագրի իրականացումը ներկայումս գտնվում է Հայաստանի oրինավորության ազգային համակարգի (ՕԱՀ) 13 հենասյուների (oրենսդիր իշխանություն, նախագահ, գործադիր իշխանություն, դատական իշխանություն, քաղաքացիական ծառայություն, իրավապահ մարմիններ, ընտրությունների կառավարման մարմին, մարդու իրավունքների պաշտպան, վերահսկիչ պալատ, կուսակցություններ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, բիզնես) գնահատման ավարտական փուլում: Ծրագրի մեթոդաբանությունը ենթադրում է շահագրգիրռ կողմերի ներգրավմամբ աշխատաժողովի անցկացում, որպեսզի
ներկայացվեն ստացված արդյունքները և հենասյուների թույլ կողմերը:

Ողջույնի խոսքով և ներածությամբ հանդես են եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն: ԹԻՀԿ հակակոռուպցիոն փորձագետ, ՕԱՀ ծրագրի առաջատար հետազոտող Խաչիկ Հարությունյանը ներկայացրել է ՕԱՀ մեթոդաբանությունը, ՕԱՀ հիմնադրույթը, հենասյուների գնահատման արդյունքները և թույլ կողմերը:

Օրինավորության ազգային համակարգի (ՕԱՀ) գնահատումը տվյալ պետության վերաբերյալ կատարվող ուսումնասիրությունների շարք է, որը տալիս է այդ պետության արդյունավետ կառավարում և օրինականություն ապահովող առանցքային հաստատությունների (ի թիվս այլ հաստատությունների` օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններ և հակակոռուպցիոն մարմիններ) ուժեղ և թույլ կողմերը: