Ս.թ. նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել բողոք «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը պատշաճ քննության չենթարկելու, գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չիրականացնելու և նշված հանգամանքների շուրջ դատախազի կողմից վերահսկողություն չիրականացնելու դեմ:

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 18-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող մի քանի կազմակերպություն և մի խումբ ակտիվիստներ, հիմք ընդունելով գիշերօթիկ հաստատության աշխատակիցների՝ ԶԼՄ-ներում հրապարակված բաց նամակը, ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացրել հանցագործության մասին հաղորդում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների, մասնավորապես, տնօրենի կողմից կատարվող յուրացումների և չարաշահումների, երեխաների նկատմամբ ծեծի և բռնության, ինչպես նաև նախարարության կողմից հնարավոր հովանավորչության վերաբերյալ:

Նախաքննական մարմնի կողմից անցած վեց ամիսների ընթացքում հաղորդումը պատշաճ քննության չի ենթարկվել, քննությունն ընթացել է միակողմանի, հաղորդման մեջ նշված հանգամանքները լրիվ չեն բացահայտվել և համապատասխան մեղադրանքներ չեն առաջադրվել, ինչպես նաև գործով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել: