Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և ծրագրի մասնագետ Լենա Նազարյանը, ով նաև Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամ է, մասնակցել են Ծաղկաձորում կայացած Երիտասարդական հավաքին, որ տեղի է ունեցել ս.թ. հոկտեմբերի 24-26-ին: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կազմակերպած միջոցառման «Կոռուպցիա, թափանցիկություն, հաշվետվողականություն, լավ կառավարում» նիստի ընթացքում Հոկտանյանը բանախոսել է «Կոռուպցիան որպես խնդիրների խնդիր երկրի զարգացման և լավ կառավարման գործընթացներում» թեմայով: Լենա Նազարյանը հանդես է եկել «Քաղաքացիական նախաձեռնությունների հաջողություններն ու պարտությունները Հայաստանում և այլ երկրներում» թեմայով բանախոսությամբ:

Լենա Նազարյանը ներկայացրել է Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների սոցիալական շարժումների ձևավորումը, խնդիրներն ու հաջողությունները՝ խոսելով խնդիրների և պահանջների հստակ և պրոֆեսիոնալ ձևակերպման կարևորության մասին:

Միջոցառման ընթացքում քննության են առնվել նաև մարդու իրավունքներն ու տեղեկատվության ազատությունը, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնություններն ու ակտիվիզմը: Ցուցադրվել է «Լինել քաղաքացի» փաստավավերագրական ֆիլմը և տեղի է ունեցել քննարկում ռեժիսոր Դավիթ Ստեփանյանի հետ: Ներկայացվել է «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը: