Ս.թ. հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել նախորդ օրը Հայաստանի մի շարք մարզերում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների մամուլի ասուլիսը: Ասուլիսին մասնակցել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ ՀԿ ներկայացուցիչներ՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը և «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը, ինչպես նաև Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի համակարգող Եղիազար Դավթյանը:

Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության՝ տեղում դիտորդներից ստացված ահազանգերին, դիտարկման արդյունքներին, քաղած դասերին: Որոշ դեպքերում ահազանգերը գրանցվում էին ԹԻՀԿ ինտերնետային կայքի ինտերակտիվ շտեմարանում որպես քվեարկության ընթացակարգի խախտումներ, այլ դեպքերում որպես խորհրդատվություն: Դրանց մի մասի նկատմամբ օպերատիվ արձագանքի արդյունքում որոշ խախտումներ վերացվել են: Հերիքնազ Տիգրանյանի փոխանցմամբ ընդհանուր առմամբ արձանագրվել է 19 ահազանգ, ինչը նախորդ՝ մարտ և հունիս ամիսներին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների համեմատությամբ ավելի քիչ է: 19 ահազանգի հիման վրա կազմվել և օրենքով սահմանված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին են ներկայացվելու 15 դիմում:

Ահազանգերի բնույթը հիմնականում չէր տարբերվում նախորդ ընտրություններին տեղի ունեցածից, մասնավորապես, մարդկանց և մեքենաների կուտակումներ, ընտրողների փոխադրումներ, ինչը այնքան տարածված է մեր երկրում, որ արդեն կարող ենք ասել ավանդույթ է դարձել: Այս հանգամանքը միանշանակ չի կարելի ասել, թե խախտում է, բայց «որոշակի ուղղորդում ենթադրվում է»: Տեղամասերից մեկի քվեախցիկում հայտնաբերվել է սահմանված նմուշի չլրացված քվեաթերթիկ, մեկ ուրիշում լրացված քվեաթերթիկը ծրարով: Երկու դեպքում դիտորդների ահազանգից հետո հանձնաժողովի նախագահը գրանցել է խախտումը:

ՀԿ ներկայացուցիչները փաստել են, որ այս անգամ դիտարկումները ցույց են տվել, որ հանձնաժողովի անդամները և նախագահները հստակ գիտեին իրենց գործառույթները, ձեռնարկել են որոշակի գործողություններ խախտումները՝ մասնավորապես կուտակումները վերացնելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, չեն եղել այնպիսի լուրջ խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Ասուլիսին մասնակցող քաղաքացիական դիտորդ նախաձեռնության անդամները փաստել են մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք, որ գրեթե բոլոր համայնքներում ղեկավարները վերընտրվել են: