Ս.թ. սեպտեմբերի 21-ին ՍիվիլՆեթի հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Նա անդրադարձել է Հայաստանի անկախացման կարևորությանը և 23 տարիների արդյունքին: 1991 թ. երրորդ հանրապետության ստեղծմամբ հայ ժողովուրդը, որ պատասխանատու է երկրի ապագայի կերտման համար, տոգորված էր նոր հասարակության ստեղծման հույսերով ու ակնկալիքներով: Սոնա Այվազյանը խոսել է ժողովրդի առջև այսօր ծառացած մարտահրավերների, տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրների մասին, ինչպես նաև վերջերս կատարված արտաքին քաղաքականության փոփոխության, միանձնյա բռնակալական որոշման կայացման, մաքսային ու էներգետիկայի ոլորտների քաղաքականություններում ինքնիշխանության կորստի վերաբերյալ:

Սոնա Այվազյանը, նշել է, որ ՀՀ կառավարության ներկայումս ձեռնարկած քայլերը շեղված են անկախության գաղափարից: Մենք թերագնահատել ենք այդ գաղափարը և ինչպես հարկն է չենք փայփայել այն: Այսօրվա սերնդի պատասխանատվությունն է վերադարձնել այն, ինչ հնարավոր է, վերահաստատել ինքնիշխանությունը, որ ունեինք առնվազն մի քանի տարի առաջ: Ավելի լավ պետություն ստեղծելու համար պետք է փոխել մարդկանց մտածողությունը: Մարդկանց մտածողությունն աստիճանաբար փոխելու գործին են լծված բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ, չնայած դժվար է արագ վերականգնել այն արժեքները, որ կորցրել ենք տարիներ առաջ:

Դեպի փոփոխություն տանող կարևորագույն քայլ պետք է լինի ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: Բարեփոխումները կարագանան, եթե իսկապես ի վիճակի լինենք իշխանություն ընտրել, պահանջատեր լինել, կառավարությանը հաշվետու դարձնել: Հայաստանում հնարավոր կլինի վերականգնել արժեքները, կառույցներն ու ինստիտուտները և անգամ մարդկանց վստահությունը կառավարության նկատմամբ, քանի որ երկիրը փոքր է: Ակտիվ և երկրի համար մտահոգ քաղաքացիների առաջին քայլը պետք է լինի ազատվել օրվա իշխանությունից, քանի որ անհնար է բարեփոխումներ ակնկալել մի իշխանությունից, որ բռնազավթել է իշխանությունն ու զավթել պետությունը:

Սոնա Այվազյանը նաև շնորհավորել է ՍիվիլՆեթի երրորդ տարեդարձը: Իր եռամյա գործունեության ընթացքում ՍիվիլՆեթը հաջողությամբ զբաղեցրել է լրատվամիջաոցների մեջ իր տեղը ՝ հանրայնացնելով բազմաթիվ գործընթացներ ու գաղափարներ, որոնք այլապես թաքնված կմնային: