Վարչապետի նկատողությանն արժանացած ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը աշխատանքից հեռանալու դիմում է գրել և ազատվել աշխատանքից: Նրա ղեկավարման տարիներին տապալվել է մանկատան սաներին բնակարանով ապահովելու ծրագիրն ու հսկայական գումարներ են հօդս ցնդել: Այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանը, ի թիվս այլ անձանց, զրուցել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ:

Վարուժան Հոկտանյանն ասել է, որ թերացումների, հաճախ նաև քրեորեն պատժելի արարքների համար որպես խստագույն պատիժ ընդամենը աշխատանքից հեռացնելը ևս հազվադեպ չէ մեր իրականությունում, ավելին՝ դա դեռ սովետական շրջանից եկող արատավոր ձեռագիր է: Հոկտանյանը չի բացառում, որ փոխատեղումների արդյունքում նպաստավոր դաշտ է ստեղծվում այլ պաշտոնյաների մտերիմների համար:

«Շատ հնարավոր տարբերակ է, որ տվյալ աշխատողը լուրջ թերացումներ է ունեցել, ինչու ոչ՝ նաև կոռուպցիոն հանցագործություններ է կատարել, բայց որոշակի փրկագին վճարելով և ազատման դիմում գրելով՝ հեռացել է: Հնարավոր է նաև այլ տարբերակ, որը նույնպես իրականում կոռուպցիոն երևույթ է, երբ ավելի բարձրաստիճան ուղղակի կամ անուղղակի վերադասը գտնի, որ տվյալ տեղը ավելի հարմար է իր ծանոթին և շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան այդ աշխատանքից ազատելու մեջ: Այնպես որ պետք է պարզել, հետևել, տեսնել, թե ով է այդ պաշտոնը զբաղեցնելու և փորձել հասկանալ, թե նա ում բարեկամն, ում հետ ինչ կապերի մեջ է», - նշել է Հոկտանյանը: