Aravot.am-ի հարցին` քանի դեռ ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվը ցածր մակարդակի վրա է նպատակահարմա՞ր է խոսել ստվերի կրճատման մասին, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը պատասխանել է. «Խնդիրը ստվերի կառավարելիությունն ու մասշտաբներն են, իսկ մասշտաբների գնահատելու հետ կապված բարդություններ կան»: Վերլուծությունները ցույց են տալիս, որ անցյալ տարվա համեմատ կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցաուցանիշը մի փոքր՝ 2 միավորովբարելավվել է և այդ համաթվով նա կիսում է 94-ից 101-րդ տեղերը (անցյալ տարվա 105-ից 112-րդ տեղերի փոխարեն): Հայաստանի ԿԸՀ 2013 թ. համաթիվը հավասար է 36-ի՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն, բայց այն զիջում է Վրաստանին (ԿԸՀ արժեքը 49` նախորդ տարվա 52-ի փոխարեն, իսկ զբաղեցրած տեղը` 55-56):

Մյուս կողմից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անընդհատ խոսում է ստվերի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, օրեր առաջ էլ լրացուցիչ ժամանակ էր խնդրել այդ պայքարում հաջողության հասնելու համար: Aravot.am-ը Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվել է` արդյոք ծիծաղելի՞ չէ ստվերի դեմ պայքարն այն պարագայում, երբ Հայաստանում կոռուպցիա երևույթի մասին ընկալունակությունը ցածր մակարդակի վրա է, ինչին նա պատասխանել է. «Այստեղ ծիծաղելի կամ ոչ ծիծաղելին չէ հարցը, այլ այդ քայլի ոչ արդյունավետությունը: Դրանք իրար հետ փոխկապակցված են. եթե կա քաղաքական կամք, ապա հնարավոր է կրճատել ստվերը, ապա կոռուպցիան էլ է նվազում և հակառակը: Բայց ես այս հարցում լավատես չեմ»:

Հարցին` արդյոք ՀՀ ներկայիս կառավարության մոտ այդ կամքը տեսնո՞ւմ է, Վարուժան Հոկտանյանը պատասխանել է. «Քաղաքական կամքը միայն հայտարարություններով չի լինում, այլ կոնկրետ գործողություններով: Ասել, որ հարկերն ավելացան ու դրանով ստվերը կրճատվեց, դա մեկ ուղղությունը կլինի միայն: Այստեղ էական է տնտեսության դեմոնոպոլիզացիան, դատական համակարգի անկախացումը, քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման վերացումը և այլն»: