Ս.թ. օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) շրջանակներում Հայաստանի 2014-2016 թթ. ծրագրի քննարկում, որին, ի թիվս այլ ՀԿ ներկայացուցիչների, մասնակցել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Վարուժան Հոկտանյանը: Միջոցառման ընթացքում արծարծվել են ՀՀ քաղաքացիական հասարակության մասնակցությունն այդ ծրագրի մշակմանը, կառավարությանը ներկայացված առաջարկներին, ծրագրում տեղ գտած և տեղ չգտած առաջարկություններին և դրանց պատճառներին, ծրագրով կառավարության ստանձնած պարտավորություններին, քաղաքացիական հասարակության հնարավոր մասնակցությանը ԲԿԳ-Հայաստան 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում պետական և համայնքային կառավարման գործում թափանիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության ներդրմամբ և զարգացմամբ շահագրգիռ անձինք: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ և «Հանրային իրազեկում և մասնակցություն Բաց կառավարման գործընկերության հայաստանյան ծրագրի» ղեկավար Լևոն Բարսեղյանը հանդես է եկել բացման խոսքով` ներկայացնելով ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից Քաուննթերփարթ Ինթերնեշնլ-Հայաստան/ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Միջոցառմանը բանախոսել են Վարուժան Հոկտանյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի ղեկավար Լիանա Դոյդոյանը, անկախ փորձագետ Արտակ Քյուրումյանը և այլոք: