Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ս.թ. օգոստոսի 4-ին Վանաձորում, իսկ օգոստոսի 5-ին Գյումրիում մասնակցել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) Հայաստանի 2014-2016 թթ. ծրագրի քննարկմանը: ԲԿԳ - Հայաստան 2014-2016 թթ. երկրորդ գործողությունների ծրագրի նախագծի մշակման գործընթացը նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից 2013-ի վերջին: 2014 թ. հուլիսի 31-ին կառավարությունը հաստատել է գործողությունների ծրագիրը, որում 50-ից ավել առաջարկություններից ընդգրկվել են 11-ը, այդ թվում` 7-ը ներկայացված քաղաքացիական հասարակության կողմից:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ և «Հանրային իրազեկում և մասնակցություն Բաց կառավարման գործընկերության հայաստանյան ծրագրի» ղեկավար Լևոն Բարսեղյանը հանդես է եկել բացման խոսքով` ներկայացնելով ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից Քաուննթերփարթ Ինթերնեշնլ-Հայաստան/ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Փորձագետներ Վարուժան Հոկտանյանն ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի ղեկավար Լիանա Դոյդոյանն անդրադարձել են ԲԿԳ Հայաստան 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրին, դրան քաղաքացիական հասարակության մասնակցությանը, մասնակցության արդյունավետությանը, քաղաքացիական հասարակության առաջարկություններին, ինչպես նաև մերժված և ընդունված առաջարկություններին: