2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովը մեկ օրվա ընթացքում երեք ընթերցմամբ՝ 24-ժամյա ռեժիմով, ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը (ՇՄԱԳ օրենք): Թեև մի խումբ հասարակական կառույցներ դիմել էին ՀՀ նախագահին` խնդրելով չստորագրել հակասություններով լի օրենքը և հետ վերադարձնել ԱԺ, սակայն ս.թ. հուլիսի 23-ին ՀՀ նախագահի կողմից այն ստորագրվել է: ՇՄԱԳ օրինագծի մշակմանը մասնակցած աշխատանքային խմբի ներկայացուցիչները բաց նամակ են ուղարկել ՀԲ, հայտարարելով, որ ՇՄԱԳ օրենքն ընդունվել է կեղծիքներով և մասնավոր շահերի թելադրմամբ, հակասում է առողջ շրջակա միջավայրում ապրելու հանրային շահին և առանձին դրույթների պատճառով լրջագույն հետընթաց է 1995թ. ընդունված օրենքից: Հաշվի առնելով, որ ՇՄԱԳ օրինագծի հապճեպ ընդունումը պայմանավորված էր ՀԲ նախապայմանը բավարարելու մղումով և վարկային միջոցների ստացման ակնկալիքով՝ նրանք խնդրում են ՀԲ-ին աջակից լինել՝ վերանայելով իր դիրքորոշումը բյուջետային վարկային ծրագրի գումարը տրամադրելու կապակցությամբ՝ մինչև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և տնտեսական զարգացման հավասարակշռված մոտեցման, շրջակա միջավայրի ու մարդու առողջության պահպանության համապատասխան հիմքերի երաշխավորումը:

Տես Բաց նամակը: